211652_close_icon
views-count3110 դիտում article-date 09:49 20-10-2021

Հարևան երկրում անցկացվող զորավարժությունները ուժի սպառնալիքի ցուցադրություն են․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում երեկ մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք իրականացվում են ցամաքային զորքերի 2021 թ. նախապատրաստման պլանին համապատասխան: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքում, տեղանքի քարտեզների եւ մակետների վրա՝ կապի միջոցների լայն կիրառմամբ: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զորատեսակների հետ՝ կառավարման արդիական մեթոդների կիրառմամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ էին անցկացվել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում։ Առաջին հարցն այն է, թե ինչու է տարածաշրջանում խաղաղության մասին շարունակաբար խոսող եւ «խաղաղության աղավնի» ներկայացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում։ Չկա այլ բացատրություն, քան հետագա ռազմական ագրեսիաների նախապատրաստվելու հանգամանքը, իսկ ներքին լսարանի մոտ՝ «հաղթանակի» էյֆորիկ տրամադրությունները վառ պահելու ցանկությունը։ Ալիեւի ռազմատենչ ծրագրերի մասին է ահազանգում նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը. խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Ինքնին հասկանալի է, որ այս կերպ Ադրբեջանը սողացող պատերազմի մոդելով նորանոր բարենպաստ, ռազմավարական նշանակության դիրքեր է զբաղեցնում մոտ ապագայում կոնկրետ գործողությունների դիմելու եւ արդեն այդ հատվածներում հայկական հողերը բռնազավթելու նպատակով։

Այս տրամաբանության շրջանակներում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները մի կողմից՝ ուղղակիորեն ուժի սպառնալիքի հստակ ցուցադրություն են Հայաստանի եւ Արցախի հանդեպ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր