Հայ մարմնամարզիկները մեկնեցին Ճապոնիա՝ աշխարհի առաջնությանը
Ճապոնիա ՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն են մեկնել մեր պատվիրակները: ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, առաջնության մրցավարական հանձնախմբի անդամ Հակոբ Սերոբյանը և ավագ մարզիչ Հայկ Նազարյանը մրցավայր են ուղեկցել երեք վարպետ:
Անվանի Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես կգան նժույգթափերում,իսկ Վահագն Դավթյանը ՝ օղակների վրա:
Նշած եռյակից Հարություն Մերդինյանը Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնությունում, դարձյալ նժույգթափերում, դարձել է բրոնզե մեդալակիր:
Հուսանք, որ մեր ներկայացուցիչները ձեռնունայն չեն մնա խաղարկվող պարգևներից: Ասենք , որ Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18 –ին մեկնարկող 50 –րդ համաշխարհային ստուգատեսում հայտավորված են 59 երկրների ավելի քան 400 մարզիկներ:
Ճապոնիան սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մայրաքաղաք է դառնում երրորդ անգամ. 1995թ., 2011թ և հիմա ՝ 2021թ:
Այս առաջնությունը նախատեսված էր անցկացնել Կոպենհագենում: Բայց դանիացիները համավարակի պատճառով հրաժարվեցին, որի արդյունքում մրցաշարը ընդունեց մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող, անվանի բազում մարմնամարզիկների հայրենիք Ճապոնիան:
Ստուգատեսի վերջակետը կդրվի հոկտեմբերի 24 –ին:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի որոշումով նույն ՝ Կիտակյուշու քաղաքում, հոկտեմբերի 27 – 31 –ը, աշխարհի առաջնության ծրագրով իրենց հմայքն ու վարպետությունը կդրսևորեն արդեն գեղարվեստական մարմնամարզությունը ներկայացնող նազելիները:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասաց, որ մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի 19 –ամյա Սիլվա Սարգսյանը: