211652_close_icon
views-count63504 դիտում article-date 22:56 11-10-2021

Երևանում՝ Ազատության 12/4 հասցեում, բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում՝  Ն. Սուրենյան՝  ժողովրդին  ավելի շատ հայտնի Ազատության  12/4 հասցեի բակում  էին հավաքվել Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված բազմաթիվ լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ զինակից, մշակույթի և արվեստի գործիչներ, անհատ քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում տեղի ունեցավ  44-օրյա պատերազմում նահատակված,  լեգենդ դարձած անմահ հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություն:

Խաչքարը իրենից ներկայացնում է մի ամբողջ պատմություն: Խաչի միջից  դու տեսնում ես հայոց հավերժական բիբլիական Արարատը, դու տեսնում ես  Հայաստանի վերածնունդ Մայր Հայաստան  հուշակոթողը և զինվորը, ով  աղոթքով իր ձայնն  է բարձրացնում առ Աստված, որպեսզի բոլորն իմանան, որ այս բոլոր առյուծ տղերքը մարտիրոսվել են: Նրանց առյուծածին մայրերը  պետք է հպարտ լինեն, որ իրենց զինվոր բալեքը չեն պարտվել 44-օրյա պատերազմում, նրանք անառիկ են պահել Արցախ աշխարհը, իսկ  պատմությունը սպիտակով սևի վրա հետագայում կգրի, թե ով է դավադիր ձևի ծախել Արցախը: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր հերոսներով, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր այսօրվա կյանքի:

Միջոցառումից առաջ Արաբկիրի հոգևոր դասի կողմից օծվեց հուշաքարը և հնչեցվեց Տերունական աղոթք, ապա սիրված հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը ներկայացրեց հուշարձանի պատմությունը, այն ինչ է իրենից  խորհրդանշում, որից հետո Կոմիտասի  ստեղծագործությամբ դաշնամուրային կատարմամբ հանդես եկավ  Արամ Ավետյանը, որից հետո կենդանի երգով հանդես եկան Դավիթ Ամալյանը, Արամ MP3-ն, Շուշան Պետրոսյանը, այնուհետև մասնակիցները  ծաղիկներ խոնարհեցին:

Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում:
 
Սամվելն ընտանիքի առաջնեկն էր, ունի մեկ քույր: Սովորել է Երևանի հ.128 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի հ.29 ավագ դպրոցում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, այդ իսկ պատճառով 2016 թվականին ընդունվեց  Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին` անվճար: Որոշեց շարունակել ուսումը և 2020 թվականին, ավարտելով համալսարանը, զորակոչվեց բանակ:
Օգոստոսի 13-ին Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին` հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ:
 
Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում:
 
Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել: ​

Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց  հանուն հայրենիքի պաշտպանության:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 470+
470+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր