211652_close_icon
views-count32285 դիտում article-date 17:57 10-10-2021

Ավտովթար Երևանում․ Hyundai Santa Fe-ն «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ բախվել է ճաղավանդակներին և կիսակողաշրջվել, հայտնվելով Հրազդան գետի ափին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններւմ Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև՝ առաջ ընթանալով, բախվել Հրազդան գետի վրա կառուցված երկաթե ճաղավանդակներով պատվանդանին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի, պարեկ Արամայիս Ազատյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե երկաթե ճաղավանդակներով այդ պատվանդանը չլիներ, ապա այդ ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։ 

Այս պահի տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Ռոման Սահակյանն ու Գուրգեն Դանիելյանը, որպեսզի հետքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում չառաջանա։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր