Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք. Քաղավիացիայի կոմիտե
Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:
Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:
Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։
Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։
Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին: