211652_close_icon
views-count2427 դիտում article-date 14:18 03-10-2021

Ալիևն ուղերձով ատելություն է գեներացնում հայերի նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի․ ՄԻՊ-ը ելույթի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ հայերեն ու անգլերեն տարբերակներով Ալիևի ուղերձի որոշ հատվածներ ուղարկել է միջազգային կառույցներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում կեղծ փաստեր էր հայտնել։ Օրինակ` նա նշել էր, թե «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին» անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մուսուլմաններին անարգելու համար. նա հույս էր հայտնել, թե աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան սրան։ Ալիևը հավելել էր, թե պատերազմում հաղթանակը «հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Նա ասել էր նաև, թե ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը Հայաստանում հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն:

«ՄԻՊ աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով: Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի»,–ասում է Թաթոյանը։

Նրա խոսքով` առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական ԶՈւ–ի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:

Թաթոյանը նկատում է` նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է 2 ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան նա հավաստիացնում է, որ ՀՀ որևէ իշխանություն կամ կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Ավելին, ըստ նրա, այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:

ՀՀ ՄԻՊ-ը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահի ելույթի հատվածներն ուղարկել է նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:
Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի։

Առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազն այս ամենն իրականացնում է իրավունքների խախտումները կանխարգելելու, ոտնահարումները վերացնելու նպատակով:

Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր