Իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք. վարչապետը ցավակցել է Հայկոյի անժամանակ մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:
Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի կողմից, իսկ հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը:
Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»: