Տղաների տրամադրությունը բարձր է, մարտական. Էդվարդ Սահակյան
Մարզական հեևքն է թևածում Օլիմպավանի մարզասրահներում: Ամենուրեք եռում է ջանադիր աշխատանքը: Ուշագրավ են հունահռոմեական ըմբիշների գործողությունները:
Նախավարժանքից հետո ազգային հավաքականի մարզիչները տղաներին բաժանում են առանձին խմբերի և անցնում տարատեսակ, բովանդակային պարապմունքների: Իրար են հաջորդում բռնվածքներ, չորեքթաթ վիճակներ, տարբեր գցումներ՝ ամենատարբեր դիրքերից և այլն:
Դիտարժան են փորձնական գոտեմարտերը: Մասնակիցները, որքան էլ զարմանալի է, տարբեր քաշային կարգերի ըմբիշներ են: Ըստ էության այդկերպ մասնագետները բարելավում են մարզիկների դիմացկունության, մարտունակության որակները և զարգացնում կամային հատկանիշները:
Իսկապես հետաքրքիր պարապմունք է և ժամանակը կարծես թռչում է: Եվ ահա ավարտվեց մարզման վերջին փուլը ու գոհունակության ժպիտը ողողեց գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանի դեմքը:
-Երևի գոհ եք տղաների ընդհանուր լավ մարզավիճակի համար, - դիմում ենք գլխավոր մարզչին:
-Երբ հավաքականում մթնոլորտը լավ է, նշանակում է տղաների տրամադրությունը բարձր է, մարտական, ասաց մեր զրուցակիցը: - Աստիճանաբար ըմբիշները մոտենում են լավագույն մարզավիճակին: Կարծում եմ մեր թիմի բոլոր անդամները լուրջ պայքարի կբռնվեն մրցակիցների դեմ և, ինչպես ասում են՝ ատամ ցույց կտան: Եթե ամեն բան հաջող ընթանա, ապա մեր սաներից նույնպես աշխարհի առաջնության մեդալակիր կդառնան:
Հավաքականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ՝ աշխարհի առաջնություն կուղեկցենք հոկտեմբերի 5 –ին, իսկ կվերադառնանք վեց օր հետո՝ ամսի 11 –ին: Ձգտում ենք հուսախաբ չանել մարզասերներին և ինքներս մեզ:
Մարզչական կազմը թիմ է ընդգրկել է հետևյալ ըմբիշներին. Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրայր Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):