211652_close_icon
views-count2329 դիտում article-date 12:17 01-09-2021

Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի «Fly Arna»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, այսօր հայտարարեցին, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի “Fly Arna” («Ֆլայ Արնա»):

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հայտնում են, որ անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից:

Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անուն ընտրվեց «Fly Arna»-ն։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալու Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու երկրի ազգային ավիաընկերության անվանակոչմանը` արտացոլելով ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի հանձնառությունը` նպաստելու շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն ներգրավմանը:

Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար:

«Շնորհակալ եմ բոլորին մրցույթին ակտիվ մասնակցության համար. դա և՛ ոգեշնչող է, և, կարծում եմ, արտացոլում է ավիաընկերության հաջողության բոլորիս ընդհանուր տեսլականը և ձգտումը» - նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին»:

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին այս առիթով ասել է. «Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»:

Fly Arna-ն Հայաստանի ավիացիայի համար նոր դարաշրջանի սկիզբ կարող է հանդիսանալ՝ զգալի արժեք ստեղծելով տնտեսության համար և խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության և հարակից բիզնես ոլորտները:

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար: Մանրամասները՝ գործարկման ամսաթվի, ուղղությունների մասին կհայտարարվի առաջիկայում:

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին:

ԱՆԻՖ-ի մասին

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։

Էյր Արաբիայի մասին

Էյր Արաբիան ցուցակված է Դուբայի ֆինանսական շուկայում և հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բյուջետային առաջատար օպերատոր: Էյր Արաբիան սկսել է իր գործունեությունը 2003թ.-ի հոկտեմբերին և ներկայումս շահագործում է 58 նոր A320 և A321 ինքնաթիռներ՝ սպասարկելով ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Եգիպտոսի հինգ հանգույցներից մոտ 170 երթուղիներ: Էյր Արաբիան տրամադրում է հարմարավետ, հուսալի և մատչելի օդային ճանապարհորդություններ:

Նմանատիպ նյութեր