211652_close_icon
views-count1935 դիտում article-date 15:38 31-08-2021

Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ԼՂ հարցին՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնք ուղիղ քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը:

«Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով  լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ: «Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարար նշանակվելու առիթով և շնորհակալություն է հայտնել առաջին այցը Մոսկվա կատարելու համար:

Նմանատիպ նյութեր