Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կմեկնարկի օգոստոսի 31-ին
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են համավարակի կանոններին առնչվող պարզաբանումներ: Օգոստոսի 24-26-ն անցկացվել են Արմավիրի, Արարատի, Շիրակի և Լոռու մարզերի խորհրդակցությունները:
Արարատ և Արմավիր. դպրոցները դիմակայեցին պատերազմին և համավարակին
Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում հրավիրված՝ Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին՝ համավարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված անցյալ ուսումնական տարվա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար. «Մենք անցանք պատերազմի, համավարակի միջով, և կրթական հաստատություններն իրենց վրա վերցրեցին այդ խնդիրների բացասական ազդեցությունը: Այս ընթացքում դուք կազմակերպել եք ոչ միայն ձեր դպրոցների աշակերտների կրթությունը, այլև ապահովել եք կրթության իրավունքը Արցախից մեզ մոտ գտնվող հարյուրավոր երեխաների համար, ինչը շատ կարևոր և գնահատանքի արժանի է»:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:
Շիրակ. գրանցվել են ընդունելության լավ արդյունքներ
Շիրակի մարզի խորհրդակցությունը տեղի է ունեցել Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։ 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունված դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործ, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու ուսումնական գործընթացի անխափան կազմակերպումը:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:
Լոռի. պահանջվում են մեծ ջանքեր` ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու համար
Լուռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի և մեծ ձեռքբերումներ կրթության ոլորտում: Նա անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը` շեշտելով պատվաստումների կարևորությունը:
Ներկաներին իր օրհնությունն է հղել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
«Այս տարին ևս մեզ համար բարդ է լինելու, կրկին աշխատելու ենք համավարակի պայմաններում, հետևաբար բոլորիցս մեծ ջանքեր է պահանջվելու դասապրոցեսի անընդհատությունն ապահովելու համար»,- ողջույնի խոսքում նշել է Ժ. Անդրեասյանը:
Խոսելով բուհերի ընդունելության քննությունների մարզային արդյունքների մասին` նա փաստել է, որ մարզի 1047 դիմորդներից բուհ են ընդունվել 790-ը (75.5 տոկոս), ընդ որում՝ ընդունվածների 17.8 տոկոսը՝ անվճար հայտով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:
«Սա նաև ձեր աշխատանքի արդյունքն է, ինչի առիթով շնորհավորում եմ»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ Լոռու մարզի դիմորդների համար առաջատար բուհը ԵՊՀ-ն է, ապա ՎՊՀ-ն և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը:
Մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` անգլերեն լեզու և գրականություն, բժշկական գործ, հոգեբանություն, ծրագրավորում, կառավարում, իրավագիտություն, սոցիալական մանկավարժություն մասնագիտությունները: Որոշ առարկաների քննությունների արդյունքները, ըստ փոխնախարարի, մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա և բնագիտական առարկաներից:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։
Օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են: