211652_close_icon

Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը. ՊԵԿ

views-count1877 դիտում article-date 12:16 20-08-2021
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի  քննչական վարչության  եւ  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երեւան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ եւ Հայաստանում դրանց իրացմամբ: Այնուհետեւ որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները եւ հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ եւ իրացմամբ:

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների եւ  ԱԱԾ ծառայողների սերտ համագործակցության արդյունքում հստակեցվել են վերը նշված անձանց կողմից պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները եւ ամենօրյա համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխել դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը եւ հետագայում դրանց շրջանառությունն, ինչպես նաեւ՝ այլ կենցաղային իրեր, որոնք ներմուծվելուց հետո նույնպես հայտարարագրված չեն եղել: Նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր