211652_close_icon
views-count1083 դիտում article-date 22:22 19-08-2021

Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին  շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներին  ներկայացվել  է կառավարության 2012 թվականի  N 1348-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում են ընդերքօգտագործողների կողմից  հանքավայրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևի փոփոխություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լիլիա Շուշանյանը նշել է, որ հանդիպման  նպատակը  նախագծի շրջանառման դեռևս նախնական փուլում ընդերքօգտագործողների կարծիքը լսելն է, համատեղ աշխատելը և նրանց   նախատեսվող փոփոխություններով աշխատելուն նախապատրաստելը։

«Փոխնախարարը նշել է, որ նախքան որոշման նախագծի մշակումը, ուսումնասիրվել են ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները և հանքավայրի պաշարների վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները (տվյալ տարվա ընթացքում արդյունահանված պաշարներ, կորուստներ, հավելաճ և այլն), որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով թերի են եղել։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ այս որակի տեղեկությունների հավաքագրումը դառնում է ինքնանպատակ և զրկում պետությանն ու ընդերքօգտագործողին համակարգված և հիմնավոր տվյալների ձևավորումից, ինչը անընդունելի է պետական կառավարման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՏԿԵ նախարարության տեղեկացմամբ՝ բացի դրանից, հաշվետվության աղյուսակներ ներառող մասերը զուրկ են եղել  հիմնավորումներից, գծագրական նյութերից և բացատրական մասից։ Լիլիա Շուշանյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով մշակվող տեղեկատվությունը  հետագայում կօգնեն  թե ընդերքօգտագործողներին  պաշարների վերագնահատման կամ  ընդերքաբանական իրավունքի հետ կապված  այլ գործընթացներում, և թե  լիազոր մարմնին՝ իր աշխատանքներում։

Հանդիպմանը մասնակցել են  մետաղական օգտակար պաշարներ արդյունահանող մի շարք ընկերությունների՝  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ, «Թեղուտ» ՓԲ, «Չաարատ Կապան» ՓԲ, «ՄԼ Մայնինգ» ՍՊ, «Մեղրաձոր գոլդ» ՍՊ, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ, «Սագամար» ՓԲ, «Արարատ ցեմենտ» ՓԲ, «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊ ընկերությունների  ներկայացուցիչներ։

 ««Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ․ Մովսիսյանի կողմից ներկայացվել է նախագիծը, որով, մասնավորապես սահմանվում  են  ընդերքօգտագործողների կողմից օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կարգը,  պինդ օգտակար հանածոների  և ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևերը՝ համապատասխան հավելվածներով»,- հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, որի համաձայն, նախագծով հստակեցվել է ընդերքօգտագործողների կողմից  օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների  ներկայացման ժամկետը՝ սահմանվելով  ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։

Նախատեսվում է նաև, որ հաշվետվության աղյուսակային մասերը պետք է հիմնավորվեն՝ գծապատկերներով և բացատրագրերով։

Ընդերքօգտագործման ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում համաձայնել են առաջարկվող փոփոխությունների հիմնավորվածության հետ։ Հանդիպման ընթացքում առաջարկվել է  նաև խոշոր հանքավայրերի դեպքում որոշ գծագրական նյութեր, ելնելով մեծ ծավալներից, ներկայացնել բացառապես էլեկտրոնային տարբերակով, ինչը ընդունվել է  ՏԿԵՆ–ի կողմից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում լրացուցիչ դիտարկումներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՏԿԵՆ՝ հետագա քննարկման և լրամշակումներ իրականացնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր