211652_close_icon
views-count2579 դիտում article-date 16:25 18-08-2021

Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության հավանությանն է ներկայացրել նոր կառավարության 5-ամյա ծրագիրը: Ծրագրի ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հատվածում գրված է․

«Հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է»:

Ծրագրում նաեւ նշված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում, սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

«Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին»,-գրված է ծրագրում:

Ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի այլ դրսեւորումների դեմ պայքարն, ըստ ծրագրի, Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարեւորագույն գործոններից մեկն է շարունակում մնալ ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի այլ դրսեւորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային եւ միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

«Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքում ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի այլ դրսեւորումների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ահաբեկչական սպառնալիքները ժամանակին բացահայտելու ու չեզոքացնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը: Իրականացվելու են ՄԱԿ, ԱՊՀ, ԵՄ, ՀԱՊԿ, շահագրգիռ միջազգային եւ միջպետական այլ կառույցների, ինչպես նաեւ գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Միջոցառումներ են իրականացվելու Հայաստանի Հանրապետության կարևոր օբյեկտների եւ ենթակառուցվածքների հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, դրա իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, ընդունման, ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցման ու շարունակական կատարելագործման ուղղությամբ»,-գրված է ծրագրում։

Նմանատիպ նյութեր