211652_close_icon
views-count1792 դիտում article-date 21:20 06-08-2021

Օշականում իրականացվում է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օշականի մշակույթի պալատում մեկնարկել է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը:

Նախարարությունից տեղեկացրել են, որ ծրագիրը միտված է ապահովելու համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, մշակութային կյանքի աշխուժացումը, համայնքի բնակիչների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովումը` ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքների և ունակությունների ձեռքբերման միջոցով։

Ծրագրի ընթացքում Օշականի մշակույթի պալատում կձևավորվի «Խեցեգործության պարտեզ», որտեղ համայնքի բնակիչները կծանոթանան խեցեգործության հմտություններին, կպատրաստեն կուժեր, հուշանվերներ, կավե այլ պարագաներ՝ դրանք ձևավորելով Օշականում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված ուրարտական խեցիների, զարդերի և այլ նմուշների զարդանախշերով։ Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, որտեղ համայնքի բնակիչներն ու այցելուները կծանոթանան խմբի աշխատանքներին։

«Խեցեգործության պարտեզ» ծրագրի նպատակն է վերակենդանացնել մոռացվող հնագույն արվեստներից մեկի՝ խեցեգործության ավանդույթը՝ որպես Օշական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում և համայնքի կայուն զարգացումը խթանող միջոց։

Նմանատիպ նյութեր