211652_close_icon
views-count19480 դիտում article-date 19:47 03-08-2021

Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար

Սյունիքի մարզի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Շատ ուժեղ ինժեներական աշխատանքներ են կատարում, ավելացել է մարդկանց թիվը, տեխնիկայի քանակը։ Մինչև վերջին մեկ շաբաթն էլ էին աշխատանքներ անում, բայց հիմա են առավել ակտիվ, ավտոմեքենաների, տեխնիկայի շարժն է շատ ակտիվ։  Գյուղից հեռավորությունը 300-600 մետր է, ինչի արդյունքում էլ այդ աշխատանքները տեսանելի են գյուղաբնակներին»,-ասաց Հովսեփյանը՝ նշելով, թե հստակ չէ՝ կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում։

Հարցին՝ արդյո՞ք այդ աշխատանքները ադրբեջանցիները միայն իրենց տարածքում են կատարում, Հովսեփյանն ընդգծեց այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ավարտից ու Քարվաճառի հանձնումից հետո GPS համակարգով չափագրումների հետևանքով ադրբեջանական կողմին է անցել նաև արավուսցիներին պատկանող շուրջ 64 հեկտար հողատարածք՝ արտեր ու արոտավայրեր, որոնց մի մասում էլ այժմ ադրբեջանական դիրքերն են։

«Մեր բերքը՝ ցորենը, գարին փչացավ, չեն թողնում՝ հնձենք։ Գյուղացիներին պետությունը պետք է ցորեն, վառելիք տա, որ գոնե մնացած հողերը մշակել կարողանան։ Գյուղացիները արոտավայր չունենալու պատճառով ստիպված են եղել վաճառել խոշոր եղջերավոր անասունների շուրջ 80 տոկոսը»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր