«Իմ աչքերը միշտ փակ էին, ես գերիներին չեմ տեսել, իրենց ասելով՝ 600 գերի կար». Գերությունից վերադարձած Արեգը մեր օգնության կարիքն ունի
Ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեգ Սարգսյանը, որը արցախյան վերջին պատերազմի ժամանակ գերի էր ընկել եւ Հայաստան վերադարձվել դեկտեմբերի 14-ին, «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել գերեվարման պատմությունից:
ԱԹՍ-ի հարվածից վիրավոր զինվորին մինչեւ մոտենալը հակառակորդը նաեւ հրազենից էր կրակել ոտքերին, հետո արդեն գերի վերցրել, կապել տանկի վրա, նկարել ու տեսանյութը տարածել համացանցում: Արեգն ասում է՝ որպես ապօրինի սահմանախախտի իրեն դատապարտել էին 4 ամսվա ազատազրկման:
Նա 8 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է Արցախյան 2-րդ պատերազմը: Ծառայում էր Ջաբրայիլում:
«Հակատանկային դասակում էի, պատերազմից մի 20 օր առաջ արդեն գիտեինք, որ պատերազմ է լինելու, թշնամու զորքի կուտակումներ էին: 27-ի առավոտ՝ 7:10 իրենց մինամյոտը սկսեց խփել, մի քանի ժամ կրակի տակ մեզ պահեցին, հետո արդեն իրենց տանկերը մտան, իրենց տանկերին էինք խփում էնքան, մինչեւ իմ գերեվարվելը»:
Արեգը գերի է ընկել հոկտեմբերի 7-ին: Դաժան այդ օրվա մասին պատմում է. «Վիրավոր էի, խրամատի մեջ էի, միայն ես էի ողջ մնացել, կողքս զոհված ընկերներս էին: Երկու ոտքից վիրավոր էի, երբ ադրբեջանցիներն եկան, ոտքերիցս արյուն էր հոսում, հասկացան, որ ողջ եմ: Մինչեւ ինձ հասնելը, երբ իրենց ձայները լսեցի, արդեն կասկաս ու բրոնիկս հանել էի, որ միանգամից կրակեին, ավելի լավ էր ինձ սպանեին, քան գերի ընկնեի: Փոսի մեջից քաշեցին հանեցին, խնդրում էի իրենց, որ սպանեն ինձ, էդ պահին չգիտեմ ինչով խփեցին գլխիս, հետո զարթնել եմ էն պահին, երբ ինձ արդեն ոտքերս կապած տանկի վրա էին դրել»,-մանրամասնեց Արեգը:
Նրա պատմելով՝ իրեն տանկի վրա կապած տարել են մոտ 600 մետր՝ իջեցրել իրենց զորքի մոտ, որտեղ արդեն դաժան ծեծի են ենթարկել: Իր հիշելով իրեն տեղափոխել են Գյանջայի հոսպիտալ, այնտեղ վիրահատել վիրավոր ոտքն ու տեղափոխել մեկուսարան:Դաժան ծեծը շարունակվել է նաեւ այնտեղ: «Նենց էին ծեծում, որ աչքերս մի շաբաթ չէր տեսնում, ականջներս չեն լսում: Արդեն հոկտեմբերի 29-ին ինձ տարան Ադրբեջանի բանտ, ավելի լավ էր էդտեղ էլ ծեծեին, քան թե այդքան հայհոյեին ու սոված պահեին»:
Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցիչները առաջին անգամ Արեգին այցելել են հոկտեմբերի 17-ին, երբ ինքը գտնվում էր Գյանջայի հոսպիտալում, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 25-ին, վերջին անգամ էլ՝ նոյեմբերի 9-ի կեսօրին. «Մենք Կարմիր խաչին մեր վիճակի մասին ոչինչ չէինք ասում, որ ասեինք՝ մեզ էլի կծեծեին»:
Թե քանի հոգի կար գերեվարված թշնամու կողմից, Արեգը չգիտի. «Իմ աչքերը միշտ փակ էին, ես գերիներին չեմ տեսել, իրենց ասելով՝ 600 գերի կար»:
Արդեն դեկտեմբերի 14-ին Արեգին տարել են հարցաքննության, հետաքրքրվել՝ ցանկանո՞ւմ է վերադառնալ Հայաստան, թե՝ ոչ. «Պատասխանեցի՝ ուզում եմ, ասեցին նենց օր կգնաս, որ դու էլ չես պատկերացնի. նույն օրը կեսօրին դուռը բացեցին, ասեցին՝ Ձեր Հայաստանը մեր ասածները չի արել, ձեզ տանում ենք գնդակահարելու: Ես խնդրեցի, որ գոնե թուղթ տան՝ նամակ գրեմ, հետո տարեք սպանեք: Ինձ իջեցրին դռան մոտ, հենց այդտեղ էլ ռուս գեներալ Ռուստամ Մուրադովին տեսա, ասեց՝ Հայաստան եք գնում: Մեզ տարան Բաքվի օդանավակայան, ձեռքերս ազատեցին ու ասեցին՝ դուք ազատ եք»,-պատմում է Արեգն ու վստահեցնում՝ գերեվարման առաջին օրերին չի էլ պատկերացրել, որ մի օր կվերադառնա, հետո արդեն ինքն իրեն հույս է տվել՝ մի օր վերադառնալու է:
Արեգը Հայաստան է վերադարձել առողջական խնդիրներով ու վախերով: Վերադառնալուն պես տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, վիրահատվել, հետո արդեն բուժումը շարունակել վերականգնողական կենտրոնում: Ասում է՝ երբ մեքենայի ձայն էր լսում, մտածում ու ասում էր՝ իրեն են խփում. «Մարդկանց հետ չէի շփվում, վախենում էի, Մուրացանում հետս հոգեբաններ աշխատեցին, մի քիչ դզվեցի»:
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը Արեգին հաշմանդամության 3-րդ խումբ է հատկացրել, բայց ոչ թե զինվորական, այլ՝ քաղաքացիական, ինչը՝ Արեգի մոր համար զարմանալի է, ասում է՝ իր տղան ծառայության ընթացքում է վիրավորվել:
Պետության օգնությունը՝ 30 հազար դրամ թոշակ
Նախկին ռազմագերին պետությունից ստանում է հաշմանդամության համար ամսական ընդամենը 30 հազար դրամ գումար: Զինվորական գրքույկում էլ նշել են՝ ծառայությանը ոչ պիտանի: Թե ինչպես պետք է շարունակի ապրել այդ 30 հազար դրամ թոշակով ու վիրավոր ոտքով՝ չի պատկերացնում: Վնասվածքներն ամբողջությամբ չեն բուժվել, ոտքերի ցավը շարունակում է անհանգստացնել: Այս ամենի հետ մեկտեղ նաեւ մարմնում առկա բեկորներն են, որոնք եւս ցավ են պատճառում տղային:
Ընտանիքում ապրում են Արեգը, հայրն ու մայրը, որոնք չեն աշխատում: Արծվանիստի նրանց բնակարանը, որտեղ ապրում են, մութ, փլուզման եզրին գտնվող, անբարեկարգ խրճիթ է հիշեցնում: Գերությունից վերադառնալուց հետո արտերկրի հայ համայնքի հանգանակություններով քանդման եզրին գտնվող տան կողքին նոր բնակարան են փորձել կառուցել, հիմքը գցել են, պատերը կանգնեցրել, գումարն ավարտվել է, կառուցվող տունն այդպես էլ մնացել է անավարտ: Արեգի հայրը պատմում է, որ ամբողջ շինարարությունը կատարվել է դրսում ապրող հայրենակիցների աջակցությամբ, պնդում է՝ պետությունը իրենց ոչնչով մինչ օրս չի աջակցել: Այսօր էլ երբ շինարարության մեծ մասն արված է բարերարների աջակցությամբ, փաստի առաջ են կանգնել՝ կիսակառույցը պետք է ավարտին հասցնել, սակայն ոչ գումար ունեն, ոչ էլ աշխատանք, իսկ տունը, որտեղ ապրում են հիմա՝ ուր որ է կարող է փլուզվել:
Ավելի քան 2 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Արեգի խնդրանքը մեկն է՝ օգնեն, որ կարողանան ավարտել բարերարների միջոցով կառուցած բնակարանի շինարարությունը. «Խնդրում եմ բոլորին, ինձ օգնեն էս տունը վերջացնել, որ ձմեռը կարողանա իմ երեխեն նորմալ տան մեջ ապրի, ոչ թե ձմեռը տունը գլխին փլվի: Անհատ մարդիկ օգնեցին՝ պատերը կանգնեցրեցինք, հիմա խնդրում ենք, որ օգնեն ներսի գործերն ավարտենք»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արեգի հայրը՝ պարոն Շիրակը:
Մանրամասներն՝ այստեղ