211652_close_icon
views-count3139 դիտում article-date 21:24 23-07-2021

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք և Ազատ գյուղերում։

Ըստ տեղեկությունների՝ կրակոցները սկսվել են ժամը 17։00-ից և որոշակի ընդհատումներով շարունակվում են նաև այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են և ուղղված են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը։

Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարևանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող»:

Նմանատիպ նյութեր