211652_close_icon
views-count1484 դիտում article-date 20:48 23-07-2021

Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիանան ու հոլանդացի Ադրիանուսն ամուսիններ են արդեն 11 տարի: Անդրանիկի փողոցի 95 շենքի նրանց բնակարանը ընտանիքի ամենասիրելի արկյունն էր. երկրորդ հարկի պատուհաններից ծառապատ կանաչ գոտի էր։ Պատկերը միանգամից փոխվեց, երբ առաջին հարկի նոր հարևանը որոշեց կտրել ծառերն ու տեղում քարե շինություն սարքել:
 
«Մի օր արթնացանք ու տեսանք, որ գործի են անցել, առաջինը կտրեցին-վերացրեցին ծառերը, ու հայտնվեց շինությունը: Շենքի բնակիչներով դիմեցինք քաղաքապետարան»,-պատմում է Լիանա Ակունցը:

«Պատուհանից նայում էիր, 40 տարեկան ծառեր էին ... Երկրում չէի, երբ վերադարձա, գտա այս տեսարանը։ Շինարարությունն իրականացվում էր գիշերը: Ոչ մի թույլտվություն չկար։ Նման կառույցի համար ծառերը հատելը նույնն է, թե մարդու թոքերը հեռացնես։ Ես շնորհակալ եմ քաղաքային իշխանությանն արագ արձագանքի համար։ Այժմ կարևոր է, որ այս ապօրինի կառույցն ապամոնտաժվի»,- ասում է Ադրիանուս Յակոբուս Մարիա Վան Դեն Նիեուվենհուիյզենը:

Անդրանիկի 95 հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հունիսի 21-ին վարչական արձանագրություն են կազմում: Հաջորդ քայլը պետք է լիներ շինության քանդումը, բայց ...

Տարածքն ապօրինի զավթած Վարդան Հովսեփյանը հունիսի 28-ին դիմում է դատարան և բողոքարկում քաղաքապետի որոշումը: Վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, օպերատիվ արձագանքելով, հուլիսի 30-ին հայցը վարույթ է ընդունում և հենց նույն օրը որոշում կայացնում՝ որպես հայցի ապահովման միջոց արգելել քաղաքապետարանին՝ քանդելու ապօրինի կառույցն ու ազատելու համայնքային հողը: Հուլիսի 20-ին քաղաքապետարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան: Արդեն 4-րդ օրն է, բայց դատարանը կարծես նույն շտապողականությունը չի ցուցաբերում: Նման մեկ այլ դեպքով դատարանը մեկ օրում բավարարել էր կանգառում կրպակ կառուցած քաղաքացու հայցը, իսկ քաղաքապետարանին պատասխանել շաբաթներ անց:

Մինչդեռ հիշեցնենք, որ ապօրինի շինարարությունը հասել էր նաև հենց Վարչական դատարանի շենքի դիմաց:

«Մարդկանց, որոնք նման ապօրինություն են անում, կասեմ՝ մի՛ արեք այդպես։ Կա մեկ այլ՝ օրինական ճանապարհ։ Այսօր քաղաքապետարանը ապօրինի շինությունների վերացման ուղղությամբ բավական մեծ պրոցես է սկսել։ Հուսով եմ՝ քաղաքապետի մոտեցումը կմնա նույնը ապօրինի կառույցների մասով։ Ես սիրում եմ Հայաստանը և հարգում եմ օրենքները: Ու վստահ եմ, որ այս խնդիրը կստանա իր լուծումը»,-նշում է Ադրիանուսը:

Մենք փորձեցինք գտնել ու կապ հաստատել նաև սեփականատիրոջ հետ՝ լսելու նրա մեկնաբանությունները, բայց՝ ապարդյուն:

Մասնագիտությամբ ճարտարապետ Անդրիանուսն ասում է Հոլանդիայում էլ է ժամանակին եղել նման խնդիր, բայց միայն բոլոր ապօրինի կառույցների քանդելով, տուգանքները բարձրացնելով և անգամ քանդման աշխատանքների համար օրինազանցներից փոխհատուցում պահանջելով է հնարավոր եղել վերջ դնել երևույթին:

Իսկ Անդրանիկի 95 շենքի բնակիչները սպասում են դատարանի որոշմանը, որին անմիջապես կհաջորդեն քաղաքապետարանի գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր