211652_close_icon
views-count1267 դիտում article-date 22:50 17-11-2023

Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ադրբեջանի կառավարության որդեգրած քաղաքականությանը․ պաշտոնական Բաքուն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ի գիտություն է ընդունել վերոնշյալ որոշումը։ Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես նշված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ, Բաքուն ողջունում է դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am-ի)։

«Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն իսկ որդեգրած քաղաքականությանը։ Այն ներառում է մեր հանձնառությունը՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին, դա նրանց որոշումն է եղել՝ տեղափոխվել Հայաստան կամ այլ երկիր՝ չնայած Ղարաբաղը չլքելու մասին Ադրբեջանի կոչերին։ Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով», - ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային իրավունքի շրջանակներում այդ պարտավորությունների և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությանը, և կենտրոնացած ենք խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր հրապարակել է որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը։

Նմանատիպ նյութեր