«Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է». Խաչատուր Սուքիասյանը չի հերքում իր եղբոր մասնակցությամբ միջադեպը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ամիրյան փողոցում հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում կա նաեւ հրազենային վնասվածք ստացած անձ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դեպքի մասնակիցներից է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։
«Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական եւ քաղաքական կարգավիճակից»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական 2-րդ բաժնի պետ Արամ Այվազյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աբովյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը ստեղծվել էր հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության մոտ հնչած կրակոցների փատով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:
Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք;
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել էին 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:
Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել էին օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները պարզել էին, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է 35-ամյա Նարեկ Կարապետյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին, հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար, «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: