211652_close_icon

Սյունիքում հնարավոր զիջումների ֆոնին իշխանությունը փորձում է հեռացնել տեղի համայնքապետներին՝ նրանց փոխարինելով «խամաճիկային» ղեկավարներով, որոնք կլռեն․ Աննա Գրիգորյան

views-count4586 դիտում article-date 17:00 18-07-2021
Սյունիքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ամենևին չէր խորշել սպառնալիքի տոնով ասել, որ Սյունիքի համայնքապետները հայտնվելու են բանտախցում, նրանց ասֆալտին փռելով են տանելու, և փորձում է իրականացնել այն, ինչ խոստացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը՝ խոսելով Սյունիքի համայնքապետների հետապնդումների մասին։

«Իհարկե, լավ կլիներ՝ երկրի անվտանգության առնչությամբ խոստումներ տար և իրականացներ, բայց սա է կարողանում անել, հետևաբար դրա մասին էլ խոստանում է՝ մոռանալով, որ մենք սահմանին նոր զոհեր, նոր գերեվարվածներ ունենք, էլ չեմ ասում՝ սահմաններ ունե՞նք, թե՞ ոչ»,-ասաց Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական հետապնդում է իրականացվում Սյունիքի համայնքապետների նկատմամբ, որովհետև նրանք առաջինն են եղել, որ շատ կոշտ կերպով պահանջել են այս իշխանությունների հրաժարականը։

«Հրաժարական էին պահանջում՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունների կայացրած որոշումների հետևանքով է, որ այս պահին ադրբեջանցիները գտնվում են Սյունիքի տարածքում և Կապանի օդանավակայանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են տեղակայված, միջպետական ու միջհամայնքային ճանապարհներ են անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նախընտրական շրջանում Սյունիքի համայնքապետներին կալանավորելու միջնորդությունները չէին բավարարվում, սակայն հետընտրական շրջանում բավարարվում են, պատգամավորն արձագանքեց․ «Մինչ ընտրությունները դատարանների անկախությունը փոքր-ինչ ակնհայտ էր, բայց ընտրություններից հետո, կարծում եմ, ավելի մեծ ճնշում է սկսել գործել իշխանությունների կողմից, և ունենք այն, ինչ ունենք»,-նշեց նա։

Աննա Գրիգորյանը համայնքապետների հետապնդումները պայմանավորում է երկու հանգամանքով՝ անձնական վրեժխնդրություն և Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններ։

«Այն, որ մանր վրեժխնդրություն կա, ակնհայտ է․ նույնիսկ բերման ենթարկելու ձևի մեջ դա կարելի է տեսնել, բայց նաև ակնհայտ է՝ Սյունիքի հետ կապված հնարավոր զիջումներ կարող են լինել, և այս իշխանությունները փորձում են մեջտեղից հանել այն մարդկանց, որոնք որևէ կերպ թույլ չեն տա դրանք և, ինչպես նախկինում, կոնսոլիդացնելու են համայնքային ներուժը, որ դեմ կանգնեն հակապետական հերթական քայլին, որ կկազմակերպվի իշխանությունների կողմից»,-ասաց նա։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր