211652_close_icon
views-count1437 դիտում article-date 23:40 16-07-2021

Էդվարդ Միրզոյանի և Բեթհովենի ստեղծագործությունների կատարմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 15-րդ համերգաշրջանը

Հուլիսի 15-ին Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով ամփոփվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 համերգաշրջանը։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Միրզոյանի՝ Սիմֆոնիան գոսերի և լարային նվագախմբի համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և «Շուշանիկ» քնարական պատկերը։ Կատարումներն ուղեկցվում էին Էդվարդ Միրզոյանին անդրադարձող տեսանյութերով։

Նվագախմբի 15-րդ համերգաշրջանի փակման երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ ներկայացնելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։

Պատանի դաշնակահարի՝ բեթհովենյան կոնցերտի մեկնաբանությունը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։ Ինչպես ինքը՝ մենակատարն է ասում, Բեթհովենի ստեղծագործությունները գրված են մտքի համար, քանի որ դրանք տրամաբանորեն են մտածված։ Այդ տրամաբանությանն Իշխանովն իր կատարմամբ միաձուլում էր մեծ հուզականություն, գեղեցիկ նրբերանգներ։

Դմիտրի Իշխանովի կատարումն աչքի էր ընկնում աննկարագրելի խորությամբ, հստակությամբ և մաքրությամբ, ինչը մեծապես հուզեց ունկնդրին. լեփ-լեցուն դահլիճը չէր թողնում դաշնակահարին հեռանալ բեմից։ Դմիտրի Իշխանովը ներկաներին նվիրեց ևս երկու կատարում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն են հայտնում երաժշտասեր հանրությանը նվագախմբի 15-ամյա ուղին միասին անցնելու համար։ Համերգային գործունեությունից զատ, նվագախումբն այս համերգաշրջանի ընթացքում շարունակել է հայ երաժշտական ժառանգության արժեքավոր ստեղծագործությունների ձայնագրման և վտանգված պարտիտուրների թվայնացման աշխատանքները։

Բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ Դժվարություններով լի համերգաշրջանը հաղթահարելու համար նվագախմբին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բազմաթիվ հավատարիմ գործընկերներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։



 
 

Նմանատիպ նյութեր