211652_close_icon
views-count2406 դիտում article-date 17:46 25-06-2021

Չարչյանի փաստաբաններին կոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից․ ՀՔԾ-ի պարզաբանումը

Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՔԾ-ն։

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստան դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը:

Մասնավորապես, ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

Այսպիսով` փաստաբաններին կոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

 

Նմանատիպ նյութեր