211652_close_icon
views-count46726 դիտում article-date 12:06 24-06-2021

Մասիսի քաղաքապետի «քթի տակ» տարիներ շարունակ տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ. 6 մուտքանի 5 հարկանի շենքը փլուզման եզրին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի տարի է, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 28 շենքի բնակիչները ջրի ճամփա են սարքել Մասիսի քաղաքապետարանը, քանի որ չեն կարողանում, վերջապես, հանգուցալուծել տալ իրենց շենքում առաջացած հակասանիտարական վիճակին։

Երեկ՝ հունիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տարիներ շարունակ էս գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակն են տիրում։ Ում ասես, դիմել ենք՝ թե նախկին քաղաքապետերին, թե ներկա։ Քաղաքապետարանն էլ մի քանի հարյուր քայլ այն կողմ է։ Հետաքրքիր է, ե՞րբ է քաղաքապետարանը էս խնդիրը լուծելու։ Կեղտաջրերը ողողել են շենքի նկուղները։ Շենքի հիմքերն արդեն ավերվում են։ Համոզված ենք, եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, շենքը դառնալու է վթարային ու 5 հարկանի 6 մուտք ունեցող այս շենքի բնակիչներս հայտնվելու ենք փողոցում։

Դիմել ենք ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, Վեոլիա Ջրին, բայց ոչ մի դրական պատասխան։ Քաղաքապետարանն ու Վեոլիա Ջուրն, ասես, հայտնի «Կարգին սերիալի» հերոսներից լինեն, էն, որ ասում են՝ «պասերով, ապեր, պասերով»։ Մեկը մեկին պաս ա տալիս, բայց խնդիրը չի լուծվում։ Վճարումները կանոնավոր կատարում ենք։ Մի քանի անգամ մեր հաշվին ենք հատուկ տեխնիկա բերել ու նկուղներից էդ կեղտաջրերը քաշել ենք տվել, բայց որոշ ժամանակ անց նորից նույն վիճակն է։ Ասում են՝ պայքարում ենք կորոնավիրուսի ու եսիմ ինչ վարակների դեմ, Մասիսի քաղաքապետը թող հլը դրանք 30 րոպե էս նկուղների կողքով անցնի, կդառնա մոծակների բաժին։ Հետո էլ ասում են, թե Մասիսում բնակչին հուզող պրոբլեմները հրատապ լուծում ենք։ Եթե այս ձև է մեր խնդիրը լուծվելու, ավելի լավ է, չվստահենք տեղական իշխանություններին ու համակերպվենք այն մտքի հետ, որ քաղաքապետարանն ու Վեոլիա Ջուրը չեն գնահատում բնակչին, հակառակ դեպքում այս խնդիրը երկար տարիներ անլուծելլի չէր մնա»։

Երեկ՝ հունիսի 23-ին, Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում խոստացավ, որ կարճ ժամանակում քաղաքապետարանի աշխատակիցները կմոտենան և տեղում խնդրին կծանոթանան, բայց այդպես էլ նրանք դարձան «Նոյի ագռավ». ոչ էլ բարեհաճեցին։ 

Մնում է՝ խնդրին խառնվեն կամ Արարատի մարզպետարանը կամ նախարարությունը, որպեսզի նախ փրկեն բնակիչներին այդ գարշահոտությունից ու մոծակների գրոհից, ապա շենքը փլուզվելուց։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր