211652_close_icon
views-count5107 դիտում article-date 20:55 19-06-2021

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել. Armeniasputnik.am

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Հայաստան կվերադառնա հունիսի վերջին: Այդ ժամանակ էլ կորոշվի՝ նա կմնա ներկայիս պաշտոնում, թե կհեռանա պաշտոնից, հայտնում է Armeniasputnik.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր ու հիմա գտնվում է ԱՄՆ-ում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ նոր նշանակումն իր համար մասնագիտական գործունեության ևս մեկ կարևոր փուլ է դարձել, որը պատասխանատու և ստեղծագործական ներդրում է պահանջում: Օրբելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել այդ աշխատանքը։ Նա վստահ է, որ ստեղծագործական մեծ կոլեկտիվի հետ կկարողանա նոր բարձունքների հասնել։

«Հայրենիքում իմ հետագա գործունեության հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան որոշ ժամանակ անց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ստեղծագործական գործունեության ընթացքում համատեղելիությունը շատ առումներով կարող է օգտակար լինել ավելի մեծ արդյունքների հասնելու համար»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ համատեղումը շատ գործնական և լայնորեն կիրառվող տարբերակ է միջազգային պրակտիկայում։ Դիրիժորը հորդորեց սպասել երկրում ընթացող իրադարձությունների զարգացմանը (ընտրությունների արդյունքներին. խմբ.), ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքին ու առաջարկություններին՝ իր հետագա գործունեության հետ կապված:

Օրբելյանն ընդգծեց, որ Երևանի օպերային թատրոնում աշխատելու ընթացքում իրեն հաջողվել է տասնյակ լայնածավալ նախագծեր իրականացնել: Սակայն հանգամանքների բերումով շատ նախագծեր անավարտ են մնացել։

«Սկզբում մեր գործունեությանը խանգարեց բոլորին հայտնի նախարարի պաշտոնակատարը, չնայած որ նա իր առջև միանգամայն այլ նպատակներ պետք է դներ։ Հետո՝ համավարակը, պատերազմը»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ Armeniasputnik.am-ում:

Նմանատիպ նյութեր