211652_close_icon
views-count2717 դիտում article-date 21:50 14-06-2021

Ոչ մի հոդված չկա․ Արարատ Միրզոյանի ստերը՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքների առնչությամբ. Antifake.am

Antifake.am-ը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ անդրադարձել դեռեւս հունվարի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին, որով արձանագրվում էր, որ 2007 թվականին Միրզոյանը հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ–ի կողմից՝ դառնալով կրկնակի գործակալ, քանի որ, ըստ Մինասյանի, Միրզոյանը նախապես աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների հետ, որի բացահայտումից հետո էլ հայկական ԱԱԾ–ն հավաքագրել է Միրզոյանին։ Միրզոյանը այդ ժամանակ նշված տեղեկատվությունը «սուտ մատնություն» էր որակել։

Հարցազրույցում Միրզոյանը անդրադառնում է այս խնդրին՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայությունն է իրեն դիմել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ իրենց աջակցելու համար` «որպես Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ասպիրանտի եւ գիտաշխատողի, ՀՀ ազգային արխիվի հասարակական–քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանությանը անդրադարձող, Ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաեւ արտասահմանյան պարբերականներում»։

Միրզոյանը նշում է նաեւ կոնկրետ ժամանակահատվածը, երբ ԱԱԾ–ն դիմել է՝ Միրզոյանի աջակցությունը ստանալու համար։

Սակայն հետաքրքիր է, որ Միրզոյանի նշած ժամանակահատվածում՝ Քոչարյանի իշխանության անցումային շրջանում, վերջինս Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող այլեւս չի եղել։ Ավելին, 2007թ․ թվականին նաեւ նույնիսկ ասպիրանտ չի եղել․ Միրզոյանը ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան ավարտել է 2005 թվականին։ Դա է վկայում Միրզոյանի կենսագրության հատվածը, որը հրապարակված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Հատկանշական է, որ Միրզոյանը ԱԱԾ–ի կողմից տրամադրված փաստաթուղթը ստորագրել է 2007 թվականի նոյեմբերին, այսինքն, համաձայն վերջինիս կենսագրության՝ նա ավարտում էր կամ արդեն իսկ ավարտել էր իր աշխատանքային գործունեությունը նաեւ ՀՀ Ազգային արխիվում։

Հիշարժան է նաեւ այն հանգամանքը, որը տարբեր միջազգային պարբերականներում տպագրված հոդվածներ ունեցող Միրզոյանի անունը այդպես էլ չգտանք ինչպես հետազոտական աշխատանքների եւ մեջբերվող աշխատանքների ամենամեծ պահոցում՝ «Scopus»-ում, այնպես էլ առանձին խոշոր հետազոտական հարթակներում։ Ուստի ողջունելի կլիներ, որ Արարատ Միրզոյանը եւ վերջինիս թիմն ընդհանրապես հանրությանը ներկայացնեին իրենց «միջազգային հաջողությունները», եթե, իհարկե, այդպիսիք գտնվեն։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Արարատ Միրզոյանը, ընդունելով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու փաստը, հաստատում է Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկատվության իսկությունը։ Նման պարագայում մյուս արդարացումները եւ անիմաստ ու անհիմն «ինքնագովազդը» անտեղի էր»։

 

Նմանատիպ նյութեր