211652_close_icon
views-count1536 դիտում article-date 17:30 11-06-2021

ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Այսօր՝ հունիսի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Համագործակցության առանցքում ուսանողների գործնական հմտությունների ու կարողությունների զարգացումն է, բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործումը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացումը և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակումը։

Ողջունելով ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը կարևորեց հուշագրի կնքումը և վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկու կառույցների համապատասխան քաղաքականությունների մշակմանը, կրթական ծրագրերի կատարելագործմանը և ոլորտային ուսումնասիրությունների իրականացմանը։

Ռեկտորն իր խոսքում նշեց, որ համագործակցությունը հնարավորություն է տալիս Համալսարանի փորձագետներին, հետազոտողներին և ուսանողներին ներգրավել Տեսչական մարմնի կողմից իրականացվող աշխատանքներում։

Գ.Վարդանյանը հույս հայտնեց, որ Տեսչական մարմինը նաև իր մասնակցությունը կունենա տվյալ ուղղությամբ իրականացվող միջոցառումներում։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալման և հուշագրի կնքման համար, Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կարևոր համարեց պետական կառավարման համակարգում բուհերի գիտական ներուժի օգտագործումը։ Հ.Մարտիրոսյանը նշեց, որ Տեսչական մարմինը ոլորտային մասնագետների հերթափոխի կարիք ունի և այս համագործակցությունը կարող է ծառայել նաև այդ նպատակին։

Տեսչական մարմնի ղեկավարի կարծիքով, համագործակցությունը պետք է միտված լինի նաև այս ոլորտում ուսանողների հմտությունների զարգացմանը և մասնագիտական աշխատանքի ապահովմանը։ Երկկողմ զրույցում նշվեց, որ ցանկացած կառույցի հաջողություն կախված է աշխատակիցների համապատասխան կրթական որակներից և այս տեսակետից կրկին կարևորվեց համագործակցել նախանշված ուղղություններով։

Հանդիպմանը ներկա էին ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Հարություն Ղազանչյանը, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ Գեղամ Խաչատրյանը, Սաղաթել Պետրոսյանը Վահե Բարսեղյանը, ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Գրիգոր Բաղրամյանը, Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ Արմեն Հովհաննիսյանը և այլք։

Նշենք, որ ըստ համագործակցության ՀԱՊՀ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո «Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի» միջոցով իրականացվող ծրագրերում համակարգում է Տեսչական մարմնի մասնակցությունը՝ ուղղված ինժեներական կադրերի միջազգային մասնագիտական վկայագրերի և հավաստագրերի շնորհման միասնական համակարգի ստեղծմանն ու ներդրմանը:

Նմանատիպ նյութեր