Մոսկվայում տեղի է ունեցել պատանի օլիմպիականների միջազգային հավաքը
Հունիսի 1-ին, Մոսկվայում, Իրինա Վիներ-Ուսմանովայի մարմնամարզության պալատում, տեղի է ունեցել պատանի օլիմպիականների միջազգային հավաք: Մասնակցել են 14-18 տարեկան ավելի քան 200 մարզիկներ: Նրանց թվում է եղել նաև ՀԱՕԿ –ի պատվիրակությունը, որի ղեկավարն էր անցյալի նշանավոր ջրացատկորդուհի Մարիետա Հակոբյանը: Նա զրույցի ժամանակ ասաց, որ ՌԴ մայրաքաղաք է ուղեկցել Երևանի և Գյումրիի չորս մարզիկ. հունահռոմեական ոճի ըմբիշ Խաչատուր Սիմոնյան, լողորդուհի Միլենա Դավթյան, ֆուտբոլիստուհի Յանա Հարությունյան և ձյուդոիստ Արտուշ Աթանեսյան:
Մասնակցել են նախկին ԽՍՀՄ – ի ութ հանրապետությունների պատվիրակներ:
Համավարակի սահմանափակումների պատճառով եվրոպական մի շարք երկրների երիտասարդ մարզիկներ չեն կարողացել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք: Նրանք մասնակցել են առցանց տարբերակով:
Ֆորումի մասնակիցներին ողջունել է ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի ոսկե դափնեկիր Ստանիսլավ Պոզդնյակովը:
Նա ասել է, որ միջոցառումը միջազգային եզակի հարթակ է ներկաների համար, որոնցից շատերը կդառնան << Փարիզ – 2024 >> , << Միլան - Կորտինա դ'Ամպեցո – 2026 >> , << Լոս Անջելես – 2028 >> օլիմպիական խաղերի մասնակիցներ: Բանախոսը հույս է հայտնել , որ մոսկովյան ֆորումի շնորհիվ ապագա օլիմպիականները կհարստացնեն իրենց գիտելիքները, կհաստատեն նոր ծանոթություններ, ընկերական կապեր:
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ / նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը տեսահոլովակի միջոցով են ողջունել հյուրերին:
Դասախոսություններով հանդես են եկել հեղինակավոր մարզիչներ և մասնագետներ:
Երիտասարդ օլիմպիականները մասնակցել են կրթական, սպորտային և ինտերակտիվ ծրագրերի, հնարավորություն են ունեցել ստուգել իրենց ֆունկցիոնալ պատրաստականությունը, ծանոթանալ մարզումների նոր մեթոդներին, անօդաչու թռչող սարքերի կառավարման հիմունքներին և այլն:
Կազմակերպիչները մասնակիցներին հանձնել են հավաստագրեր և հուշանվերներ, նաև էքսկուրսիա է անցկացվել Մոսկվա գետի երկայնքով և այլն: