211652_close_icon
views-count46327 դիտում article-date 21:32 27-05-2021

Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ձերբակալվել է. ավտոմեքենան էլ տեղափոխվել է «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Նարեկ Ստեփանյանի որոշմաբ ձերբակալվել է Կոտայքի մարզի 25-ամյա բնակիչ Սերգեյ Սարդարյանը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում է մայիսի 25-ին իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ ավտոմեքենան՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։  Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։

Վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել էր Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել էր փախուստի։

Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել էր։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝   Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր