211652_close_icon
views-count775 դիտում article-date 23:08 26-06-2026

«Էդ ինչպե՞ս պիտի յուրացներ իշխանությունը, երբ տևական ժամանակ՝ տուն, աշխատավայր, մեքենա եղել են խոշորացույցի տակ»․ ի՞նչ է կատարվում Վարդան Ղուկասյանի շուրջ

Գյումրու՝ արդեն 8 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այսօր ևս նոր մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

Հաղորդագրության մեջ նշված է.

«Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և, գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։ Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ. Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը»։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, որին ևս այդ օրը՝ դատական նիստի ավարտից հետո, ոստիկանները քաշքշել էին դատարանում (լրատվամիջոցներով տարածվել է տեսանյութ), դատական նիստից անմիջապես հետո հայտնել էր.

«Տպավորություն ունեմ, որ կա հստակ հանձնարարություն՝ Վարդան Ղուկասյանին սադրելու»։

Նա, որպես միջադեպի մասնակից և ականատես, պատմել էր հետևյալը.

«Ոստիկանները կանգնած պիտի լինեին Վարդան Ղուկասյանի մոտ, իրենց պարտականությունը դա էր։ Ոստիկանների մի մասը դահլիճի այլ հատվածներում էին կանգնած, թե ինչու, դա ես չգիտեմ։ Երբ դատական նիստն ավարտվեց, ես իմ փաստաթղթերն էի հավաքում, չէի էլ նայում ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկաններից մեկը դահլիճի ինչ-որ հատվածից գալիս է Վարդան Ղուկասյանի մոտ և ընթացքում իմ ձեռքից բռնելով՝ ինձ մի կողմ են հրում ու սկսում են հարձակվել Վարդան Ղուկասյանի վրա, որն այդ պահին լրագրողների ոչ մի հարցի չէր պատասխանում։ Սա լռեցնելու փորձ էր, որ հանկարծ նա ոչ մի բան չխոսի։ Ոստիկանները ոչ թե ասում են՝ արի գնանք, այլ քաշում են, չեն թողնում մարդը տեղից վեր կենա։ Քաշում են՝ շատ կոպիտ ու գռեհիկ ձևով։ Տեսնելով, որ մարդուն քաշքշելով են տանում, մտա նրանց մեջ, իսկ Վարդան Ղուկասյանը շատ հանգիստ շարունակեց գնալ։ Այսինքն՝ եթե մարդուն չքաշեին, ինքը գնում էր։ Երբ ես մոտեցա, Վարդան Ղուկասյանը հանգիստ գնաց, տեսագրությունները կան։ Քաշքշելը կողքի աչքի համար էլ է նյարդայնացնող, անթույլատրելի և գռեհիկ է։ Ինչո՞ւ եք մարդու քաշքշում»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ հունիսի 5-ին, ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)։

Քննչական կոմիտեի հաղորդագրությանը կցված էր նաև Վարդան Ղուկասյանին վերագրվող հեռախոսազրույցից մի ձայնագրություն, ըստ որի՝ նա ասում է.

«Ես մի քայլ, կես քայլ, դաժե մի ոտ չեմ դնի առանց ինձ ռուսը ասելու»։

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Վարդան Ղուկասյանը 2025 թվականին ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով նախապատրաստել է իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը»։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, սակայն, նշել է, որ այս կասկածանքով նոր հանրային քրեական հետապնդում և նոր մեղադրանք Վարդան Ղուկասյանի նկատմամբ չկա, պարզապես եղել է հայտարարություն, որի վերաբերյալ ինքը ներկայացրել է համապատասխան իրավական փաստաթղթեր։

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ դա հերթական պրիմիտիվ, միգուցե վախեցնելու միջոցն էր։ Եթե լիներ խելքին մոտ որևէ ապացուցողական հենք, ապա այդ քրեական հետապնդումը կլիներ, որովհետև նույն իրենց կողմից տարածած հայտարարության պարբերություններն այնքան հակասականություն և իրարամերժություն էին պարունակում, որ ես չգիտեմ՝ ինչի համար էին դա հրապարակել։

Ասում են՝ իբր թե պարոն Ղուկասյանը ցանկացել է իշխանություն յուրացնել, բայց մի հարց Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին. էդ ո՞նց մարդը պետք է փորձեր իշխանություն յուրացնել, երբ դուք իր նկատմամբ երկար ժամանակ իրականացրել եք ներքին և արտաքին դիտում, տունը, աշխատավայրը, ավտոմեքենան եղել են խոշորացույցի տակ։ Ակնհայտ է՝ եթե դա այդպես լիներ, դրա համար պետք է լինեին հատուկ քայլեր, որոնք չեն եղել։

Իշխանություն յուրացնելն էդքան հե՞շտ է։ Եթե այդքան հեշտ լիներ, անընդհատ ինչ-որ մեկը կփորձեր իշխանություն յուրացնել։ Այդպիսի մեղադրանք ներկայացնելը կամ հայտարարելը պետք է ունենա բավարար ապացուցողական և նաև տրամաբանական հիմք»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ ընտրություններում՝ 80 հազար մարդու առանց մատնահետքի քվեարկությունը, բանակի քվեարկությունը ընտրությունների ավարտից հետո, վերաքվեարկության չկազմակերպումը, հենց դրանք են իրական ապացուցողական հենքով իշխանության յուրացման դրսևորումները՝ գործող իշխանությունների կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր