211652_close_icon
views-count45341 դիտում article-date 10:27 27-05-2021

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Նորք Մարաշում ատրճանակով սպանության փորձ կատարողին. կասկածյալը վիրավորի եղբոր որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Առուշանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Նորք Մարաշ վարչական շրջանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 61-ամյա Լավրենտի Առուշանյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Գ. Առուշանյանը վիրավոր Լ. Առուշանյանի եղբոր որդին է, ով էլ ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումններ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:  

Ժամանել էին նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը, ով վնասվածք էր ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու:  

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց  էր տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից, և նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Ոստիկանները դեպքի վայրի զննություն էին կատարել, ինչպես նաև պարզում էին դեպքի հանգամանքները: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի, բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Նաջարյանի գլխավորությամբ, պարզել էին հանցագործության վայրը, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր:

Նշված վայրում զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչերը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ  Գագիկ Հայրապետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գարիկ Ստեփանյանի և Հրանտ Պողոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր