Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակում․ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի մարմինը դուրս բերելու համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Եսայանը և Ռաֆայել Միսկարյանը։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի, վարչության պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող Գոռ Թովմասյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։