211652_close_icon
views-count1474 դիտում article-date 16:56 16-07-2026

Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ մոտ 16 մետր երկարությամբ ճանապարհի հողի փլուզման պատճառով վտանգը պահպանվում է, իսկ պատասխանատուների խոստումը «օդ» դուրս եկավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Հունիսի 11-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզում հորդառատ անձրևի պատճառով Շենավան-Արագյուղ տանող ճանապարհին՝ Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, տեղի ունեցած դեպքի մասին, երբ հողի փլուզման հետևանքով երթևեկությունը նշված վայրում դարձել էր վտանգավոր։

Հրապարակումից հետո պատասխանատուները խոստացան, որ կարճ ժամանակում սկսվելու են հենապատի կառուցման աշխատանքները, մինչ այդ սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ոստիկանական ժապավեններով տարածքը սահմանազատել էին։

Այսօր՝ հուլիսի 16-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է՝ ոչ մի աշխատանք չի իրականացվել, ճանապարհի այդ հատվածը գտնվում է բարձիթողի վիճակում, չկան անհրաժեշտ լուսային նախազգուշացնող փարոսիկներով հատուկ լուսարձակներ, ժապավեններ և տեղադրված չեն ցուցանակներ, որոնք կազդարարեին, որպեսզի վարորդները տեղեկանային, որ ճանապարհը գտնվում է ոչ բարվոք վիճակում։

Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հենց դեպքի երկրորդն օրն էր հորդորել, որպեսզի իրականացնեն աշխատանքներ։ Բայց ինչպես ականատես եղանք այսօր, նույն վիճակն է։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի հողի փլուզում էր տեղի ունեցել։

Բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն ճանապարհի փլուզման հետևանքով երկաթե արգելապատնեշները հայտնվել էին ձորում։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել էին տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել էին ոստիկանական ժապավենով, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել էր քարեր։

Կար վտանգ, որ ամեն պահի հնարավոր է ճանապարհի փլուզումը շարունակվեր: Իսկ այդ հատվածով տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ էր, այդ թվում՝ բեռնատարների մասնակցությամբ։

Ճանապարհը վերջերս էր հիմնանորոգվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, որն իրականացվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից, ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հրատապ «Ճանապարհային դեպարտամենտին» պարտավորեցներ բետոնե հենապատ կառուցեին այդ հատվածում, իսկ մինչ այդ տեղադրեին անհրաժեշտ անվտանգության պարագաներ, այդ թվում՝ լուսային, քանի որ եթե լույսով վարորդները նկատում էին, որ ճանապարհը պետք է անցնեին զգույշ, ապա գիշերային ժամերին հնարավոր է վարորդները չկողմնորոշվեին ու տեղի ունենային արտակարգ դեպքեր։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր