211652_close_icon
views-count2806 դիտում article-date 20:28 25-05-2021

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ քննչական կոմիտե

2021թ.մայիսի 25-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության  զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել ՀՀ պետական սահմանի Վերին Շորժա բնակավայրի հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը, որի ընթացքում դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ էլ ժամը 15:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածի 2-րդ մասով,  300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործությունների  հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:

Կատարվում է նախաքննություն: 
 
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր