211652_close_icon
views-count2005 դիտում article-date 10:23 20-05-2021

Կան մասնագիտություններ, որոնց համար բուհ է դիմել ընդամենը մեկ-երկու դիմորդ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Բուհ դիմած ուսանողների քանակով պայմանավորված՝ 2021/2022 ուստարին որոշ բուհերի համար այնքան էլ բարեհաջող չի լինի. կան մասնագիտություններ, որոնց համար դիմել է ընդամենը մեկ-երկու դիմորդ: 

Ըստ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի մեզ փոխանցած տվյալների՝ այս տարի ընդամենը 1-ական դիմորդ ունեն Հայ-ռուսական համալսարանի «լրագրություն» ֆակուլտետն ու Հյուսիսային համալսարանի «մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն» ֆակուլտետը:

2-ական դիմորդ է հայտագրվել Հյուսիսային համալսարանի «իրավագիտություն», «մասնագիտական մանկավարժություն, ռուսաց լեզու և գրականություն», «տնտեսագիտություն» մասնագիտությունների համար, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի «իրանագիտություն» մասնագիտության համար:

Հյուսիսային և Հայ-ռուսական համալսարանների վերոնշյալալ մասնագիտություններից բացի ամենից քիչ թվով դիմորդներ են հայտագրվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական մանկավարժության՝ թաեքվանդո, թենիս, մարզական պարեր, սուսերամարտ, հեծանվային սպորտ մասնագիտությունների համար (2-ական դիմորդ):

Այս տարի ընդամենը 2 դիմորդ ունի նաեւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանության ֆակուլտետը:

Սրան հակառակ՝ կան ֆակուլտետեներ, որտեղ մրցակցությունը բավականին մեծ է լինելու:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտության համար կլինի ամենամեծ մրցույթը, քանի որ այստեղ դիմած դիմորդների թիվը շատ է՝ հայտագրվել է 591 դիմորդ՝ սահմանված տեղերի համեմատ՝ մոտ 150-ով շատ: Առաջին հնգյակի 2-րդ եւ 3-րդ տեղերում Մայր բուհի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ինչպես նաեւ իրավագիտություն մասնագիտություններն են: Առաջինի համար դիմել է 337 դիմորդ, իրավագիտության համար՝ 304 դիմորդ, թեպետ անցած տարվա համեմատ այս տարի քիչ է իրավագիտության մասնագիտություն ընտրողների թիվը:

Բոլոր տարիներին հանդիպող պահանջված մասնագիտությունների հնգյակում, սակայն, առաջին անգամ այս տարի հայտնվել է սերվիս մասնագիտությունը. Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան սերվիս մասնագիտութան համար դիմել են 245 դիմորդ, որը, ըստ դիմորդների թվի, հավասար է չորրորդ տեղում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ (ըստ ոլորտի) մասնագիտությանը:

Ամենաշատ դիմած մասնագիտությունների ցուցակում են նաեւ Տնտեսագիտական համալսարանի կառավարում (240), հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) ու տնտեսագիտություն (223), Բժշկական համալսարանի ստոմատոլոգիա (229), Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի դիզայն (227), ԵՊՀ միջազգային հարաբերություններ (203) մասնագիտությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր