211652_close_icon
views-count1138 դիտում article-date 11:16 15-05-2021

Մանկավարժական համալսարանն էլ չունի հոգաբարձուների խորհուրդ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մինչեւ այժմ որեւէ դիրքորոշում չէր արտահայտել բուհերի կառավարման բարձրագույն մարմիններում՝ հոգաբարձուների խորհուրդներում ներկայացված անդամների համամասնության փոփոխությանը վերաբերող կառավարության որոշման մասին:

ԵՊՀ-ն, ինչպես հայտնի է, խիստ ընդդիմանում է այդ որոշմանը եւ նույնիսկ հայտարարել է դատական կարգով բողոքարկելու վճռականության մասին, նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում այդ հարցը քննարկման առարկա դարձնելու համար:

Այնինչ, ընդունված որոշումը, ԵՊՀ-ից բացի վերաբերում է նաեւ Շիրակի պետական ու Մանկավարժական համալսարաններին: Քննարկումների, քննադատությունների այս հոսքի մեջ, սակայն, վերջին երկու բուհերը լռություն էին պահպանում: Համենայնդեպս՝ հրապարակային ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիք չլսեցինք:

ՇՊՀ-ից «Հայկական ժամանակին» ասել են, որ սպասում են ՍԴ որոշմանը, որին էլ կհետեւեն որպես օրինապահ քաղաքացի: Նշել են նաեւ, որ բուհն արդեն յոթ ամիս հոգաբարձուների խորհուրդ չունի:

Ինչ վերաբերում է Մանկավարժական համալսարանին, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին ուղղված մեր հարցերի պատասխանը փոխանցեցին բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

- Պարոն Միրզախանյան, ինչպիսի՞ն է ՀՊՄՀ-ի դիրքորոշումը՝ բուհերի վերաբերյալ Կառավարության նոր որոշման մասին:

- Փիլիսոփայական:

- Իսկ առաջարկվող համամասնությունը վնասո՞ւմ է բուհական ինքնավարությանը:  Խորհրդի կազմում՝ պրոֆեսորադասախոսական կազմից 2 անդամ ունենալու հանգամանքը ինչպե՞ս կգնահատեք:

- Հետաքրքրական:

- Բուհական ներկայացուցիչների հիմնական մտահոգություններից է նաեւ այն, որ ունենալով ձայների գերակայություն՝ Կառավարությունը ռեկտորի պաշտոնում «իր ուզած մարդուն» կնշանակի. այստեղ որեւէ խնդիր տեսնո՞ւմ եք:

- Կառավարության հետ կապված խնդիր չենք տեսնում:

- Կրթության նախարարությունից հայտնում են, որ բուհերում կառավարման ճգնաժամի պատճառով օպերատիվ լուծում են տվել, եւ որոշումը հրատապ ընդունվել է 3 բուհերի համար. ԵՊՀ-ն ու ՇՊՀ-ն տեւական ժամանակ է՝ չունեն խորհուրդներ, իսկ հրատապությունը մանկավարժական համալսարանի վերաբերյալ հիմնավո՞ր է:

- Երեք օր է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանն էլ չունի հոգաբարձուների խորհուրդ։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ փոփոխության է ենթարկվել հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որոնցից 5-ը ուսանող:

Կառավարության որոշումը վերաբերում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերից միայն վերոնշյալ երեքին, որտեղ կառավարման ճգնաժամ կա կամ կանխատեսվում է: Մյուսներին վերաբերող որոշումը դեռ նախագծի մակարդակում է»: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր