211652_close_icon
views-count1128 դիտում article-date 17:26 25-05-2015

Մանկավարժական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ): Մայիսի 25-29-ը փորձագետները բուհում հանդիպում-քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում: Փորձագիտական խմբում ընդգրկված են 3 տեղացի փորձագետներ, մեկ ուսանող-փորձագետ և մեկ միջազգային փորձագետ: Խումբը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը: Միջազգային փորձագետը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանի ավագ դասախոս, կրթության և մանկավարժական հետազոտությունների բաժնի ղեկավար Ալան Հոուն է: Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Մինչ այցելությունը բուհ, փորձագետներն ուսումնասիրել են ՀՊՄՀ ինքնավերլուծությունը: Փորձագիտական այցից հետո խումբն ընդհանուր եզրակացություն կներկայացնի` մատնանշելով բուհի խնդիրները և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված խորհուրդներ: Բուհը, հիմնվելով փորձագետների եզրակացության ու խորհրդատվությունների վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր` իրագործման հստակ ժամանակացույցով: Գործընթացի վերջին փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշումը: Նշենք, որ ՀՊՄՀ-ն 2011-ին անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որով փորձարկվել են դեռևս մշակման փուլում գտնվող հավատարմագրման չափանիշները և ընթացակարգերը: Փորձնական գործընթացի հիման վրա վերանայվեցին, վերջնական տեսքի բերվեցին ու Կառավարության կողմից հաստատվեցին ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները, իսկ բուհն էլ, համաձայն իր կազմած թերությունների վերացման ծրագրի, բարելավման գործընթացներ իրականացրեց: Այժմ ՀՊՄՀ-ն դիմել է արդեն հաստատված չափանիշներով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար:

Նմանատիպ նյութեր