211652_close_icon
views-count1654 դիտում article-date 23:28 07-05-2021

Երաժիշտներն ունկնդրին էին փոխանցում տարվա յուրաքանչյուր եղանակի հմայքն ու շունչը. հնչեցին Վիվալդիի և Պիացոլայի «Տարվա եղանակները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանյան երաժշտասերները երեկ ունկնդրեցին Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» և Աստոր
Պիացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի և ջութակահար Ֆյոդոր Ռուդինի ներկայացմամբ։

Այս ստեղծագործությունների մասերի հերթականության յուրատեսակ համադրումն առաջարկել է հայտնի ջութակահար Գիդոն Կրեմերը։ Այն հնարավորություն է տալիս ունկնդրելիս համեմատել 18-րդ դարի Իտալիայի գարունը, ամառը, աշունը և ձմեռը ժամանակակից Բուենոս Այրեսի տարվա եղանակների հետ։

Ֆյոդոր Ռուդինը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է. 2012 թվականին գրան պրի է ստացել
նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։ Նա Վիեննայի պետական օպերային նվագախմբի և
Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է, նվագում է Ստրադիվարիուսի ջութակով (1694թ.), որը
ջութակահարին հատկացրել է Ավստրիայի ազգային բանկը։ Խոսելով բացառիկ ջութակի մասին՝ երաժիշտը նկատում է, որ այն կարծես կենդանի էակ լինի։ Ժամանակ էր պետք գործիքին հարմարվելու, այն բոլոր կողմերից ամբողջովին բացահայտելու համար։

Ֆյոդոր Ռուդինն ընդգծում է, որ իր համար ամեն անգամ հաճելի է վերադառնալ Հայաստան, քանի որ շատ
թանկ հիշողություններ ունի մեր երկրի հետ կապված։ Ջութակահարը նշեց, որ Երևանում ներկայացված ծրագիրը հաճախ է կատարում և միշտ՝ մեծ հաճույքով։

Երևանյան համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում։ Ունկնդրի հիշողության մեջ մնաց երաժիշտների
կատարողական անկեղծությունը, որը դահլիճին էր փոխանցում բնության գեղեցկությունը, տարվա յուրաքանչյուր եղանակի հմայքն ու շունչը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր