ԹՐԱՖԻՔԻՆԳ․ սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ: Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեցին ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ: Պարզվեց, որ շահագործողները, բռնություն գործադրելով կամ սպառնալով, կնոջը ստիպել են մայրաքաղաքի Արցախի փողոցում, Արտաշատի խճուղում և Մասիս քաղաքում զբաղվել մարմնավաճառությամբ, և վաստակած ողջ գումարը վերցրել են:
Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:
Ապրիլի 27-ին թրաֆինգի դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակչուհու հաշվառման և բնակության վայրերում:
Շահագործող կանայք ձերբակալվել են, իսկ թրաֆիքինգի զոհը տեղափոխվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցման կենտրոն: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]