211652_close_icon
views-count2280 դիտում article-date 23:18 26-04-2021

Պատվաստումներն անում են իրենց գործը՝ ամեն տարի միլիոնավոր կյանքեր փրկելով. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Դևիդ Բեքհեմի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան և «7» հիմնադրամի հիմնադիր Դևիդ Բեքհեմն առաջնորդում է համաշխարհային նախաձեռնությունը, որը կոչված է խրախուսելու պատվաստումների նկատմամբ վստահությունը, և կոչ անելու ծնողներին՝ պատվաստելու երեխաներին մահացու հիվանդությունների դեմ:
 
Պատվաստումների համաշխարհային շաբաթվան ընդառաջ նկարահանված տեսանյութում Բեքհեմը խոսում է ՔՈՎԻԴ-19-ի պատճառով կորսված առօրյա պարզ սովորությունների մասին, ինչպիսիք են ընտանիքի անդամներին գրկելը, ընկերների հետ ժամանակ անցկացնելը և հարազատ մարդկանց կողքին լինելը: Նա հորդորում է ծնողներին պատվաստվել՝ անվտանգ լինելու համար, ինչպես նաև բաց չթողնել երեխաների պլանային պատվաստումները՝ պաշտպանելու նրանց այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են դիֆթերիան, կարմրուկը և պոլիոմիելիտը:
 
«Վերջին մեկ տարում կորոնավիրուսային համավարակը ցույց տվեց, թե որքան շատ բան ենք համարում սովորական, ի վերուստ տրված: Բայց վարակը հիշեցրեց պատվաստանյութերի ուժի ու կարևորության մասին», - նշել է Բեքհեմը: «Պատվաստումներն անում են իրենց գործը՝ ամեն տարի միլիոնավոր կյանքեր փրկելով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության ընթացքում ես իմացա, թե որքան կարևոր են դրանք մեր սիրելի մարդկանց առողջության համար: Այնուամենայնիվ, աշխարհում դեռևս շատ երեխաներ չեն ստանում մահացու հիվանդություններից պաշտպանող պատվաստումներ: Ահա թե ինչու այս տարի պատվաստումների համաշխարհային շաբաթվա շրջանակում հպարտ եմ, որ միանում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ին և կազմակերպության գործընկերներին՝ խրախուսելու ծնողներին պատվաստվել և պատվաստել իրենց երեխաներին»:
 
Բեքհեմին են միանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ ու աջակիցներ Օրլանդո Բլումը (Orlando Bloom), Սոֆիա Քարսոնը (Sofia Carson), Օլիվիա Քոլմանը (Olivia Colman), Անժելիկ Կիդջոն (Angelique Kidjo), Ալիսա Միլանոն (Alyssa Milano), Ջեսի Ուերը (Jessie Ware) և այլոք՝ մասնակցելու պատվաստումների վերաբերյալ առցանց զրույցների շարքին, այդ թվում առողջապահության ոլորտի աշխատողների, ուսուցիչների և պատվաստանյութերի փորձագետների հետ՝ ամբողջ աշխարհից:
 
Պատվաստումների արդյունավետության մասին առցանց տեղեկատվություն տարածելու նպատակով, այսօրվանից ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է աշխարհասփյուռ իր գործընկերներին և ֆինանսավորողներին՝ դիմելով ծնողներին, առողջապահության ոլորտի աշխատողներին և հասարակությանը` պատվաստումների առցանց ջատագով դառնալու կոչով: Յուրաքանչյուր լայքի, գրառումը տարածելու կամ մեկնաբանելու համար, որտեղ կնշվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական հարթակի հասցեն և կկիրառվի #VaccinesWork (#ՊատվաստումնԱշխատումԷ) հեշթեգը, այս պահից սկսած մինչև ապրիլի վերջ, ՄԱԿ-ի Հիմնադրամի «Shot @ Life» արշավը և Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը 1 ԱՄՆ դոլար կհանգանակեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին, իսկ ընդհանուր առմամբ՝ մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի բոլոր երեխաները ստանան կյանք փրկող անհրաժեշտ պատվաստումներ:
 
«Մեկ տարի արգելափակումներից, դատարկ դասասենյակներից, բաց թողնված պատվաստումներից, վիրտուալ ծննդյան երեկույթներից և չեղյալ հայտարարված ընտանեկան ընթրիքներից հետո, ամբողջ աշխարհում մարդիկ, այսօր, պատվաստվում են ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութով կամ անհամբեր սպասում, թե երբ են պատվաստվելու: Եվ սա մեզ հիշեցնում է նաև մյուս պատվաստանյութերի կարևոր դերի մասին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք մեր առօրյա կյանքով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Այսօր մենք բոլորս գիտենք, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը մեր բնականոն կյանքը վերսկսելու ամենամեծ հույսն են: Մինչդեռ աշխարհի շատ երեխաների համար շարունակում է «նորմալ» լինել, որ կանխարգելելի հիվանդությունների պատվաստումները հասանելի չեն: Սա այն «նորմալ»-ը չէ, որին մենք պետք է վերադառնանք»:
 
Աշխարհում տարեկան 14 միլիոն նորածին և երեխա չի ստանում կանխարգելի հիվանդությունների դեմ պատվաստանյութեր: Վերջին տարվա ընթացքում կորոնավիրուսային համավարակն այս իրավիճակն է՛լ ավելի է վատթարացրել, քանի որ համավարակով պայմանավորված արգելափակումներն ու մատակարարման շղթայի խափանումները սպառնում են երեխաների շրջանում կանխարգելվող մահերի կործանարար աճով:
 
Պատվաստումների շաբաթը, որն ամեն տարի նշվում է ապրիլի վերջին, նպատակ ունի խթանել պատվաստումների գործածությունը բոլոր տարիքի մարդկանց շրջանում՝ տարատեսակ հիվանդություններից պաշտպանելու համար: Այս տարի շաբաթը կընթանա «Պատվաստումը թույլ կտա մեզ ավելի մոտ լինել» կոչով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր