211652_close_icon
views-count28951 դիտում article-date 22:20 19-04-2021

Նոր մանրամասներ Երևանում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, Lexus-ի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթար-վրաերթից. պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հրայր Ստեփանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց,  շղթայական ավտովթարի հետևանքով  հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Խուդավերդյանը, Lexus-ը վարել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արեգ Թամազյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 50-ամյա Վահագն Դավթյանը,  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla-ն պատկանում է Երևանի բնակիչ, «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ,  66-ամյա Սամվել Ղասաբօղլյանին, իսկ կայանված KIA-ն՝  Երևանի բնակիչ, 22-ամյա Գոռ Սիմոնյանին:

 Պարզվել է, որ բախման հետևանքով Վ. Դավթյանը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Անի Հակոբյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Ա. Թամազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նորա Պողոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչպես  ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250  մակնիշի  62 PP 622 համարանիշի  ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց,  բախվել էր Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին: 

Վթարի հետևանքով  2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել,  ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Բախումից հետո Toyota-ն առաջ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota Corolla և KIA  մակնիշի ավտոմեքենաներին:  

Օպերատիվորեն  դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր