211652_close_icon
views-count16904 դիտում article-date 23:01 11-04-2021

Գոհար Խանումյան. Մեկ օրվա ընթացքում երկու անծանոթ հայ թեկուզ փոքրիկ, բայց մարդկային մի կարևոր արարք արեցին

«Պատերազմը փոխեց շատերիս. դարձանք անտարբեր, իրար չվստահող ու միմյանց ամեն ինչում մեղադրող: Այսօրվա դիպվածը, սակայն, ինձ ապացուցեց հակառակը», իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոհար Խանումյանը:

«Այսօր, ինչպես ամեն կիրակի, տղաներիս՝ Գևորգի ու Դավիթի հետ պատրաստվում էինք գնալ Եռաբլուր: Տաքսի պատվիրեցի: Եկավ ինչպես գրեթե միշտ «Opel» մակնիշի մեքենա: Վարորդը մի երիտասարդ էր: Նստեցինք մեքենան, բարևեցի ու ասացի ուղղությունը. «Եռաբլուր»:

Ռադիոյով երաժշտություն էր հնչում: Վարորդն անմիջապես անջատեց: Ճանապարհին լուռ էինք: Ժամանակ առ ժամանակ փոքրիկ Դավիթը, ալ կարմիր վարդերի փունջն ամուր գրկած, խախտում էր լռությունը իր անմեղ հարցերով:

Հասանք: Վճարը կազմել էր 800 դրամ: Դավիթս ձեռքիս խլեց հազար դրամանոցն ու մեկնեց վարորդին: «Խնդրում եմ, մի՛ վճարեք, թույլ տվեք չվերցնեմ դրամը, քու՛յրս»: Անակնկալի եկա: Երեխայից թղթադրամը վերցրեցի ու նորից մեկնեցի վարորդին: Ամաչեց, մեքենայի հայելու միջից նայելով աչքերիս մեջ, ասաց. «Իջե՛ք, խնդրում եմ, վճարել պետք չի»:

Նորից համառեցի, ամաչելով վերցրեց գումարը: Իջանք մեքենայից, հասկացա, որ անիմաստ համառություն արեցի, միգուցե վիրավորեցի երիտասարդի ինքնասիրությունը...

Բայց անասելի տաքացավ սիրտս անծանոթ, բայց սրտացավ հայի վերաբերմունքից: Հասանք Տիկոյի մոտ... Դավը գլխիկոր անցնող տղամարդկանց մեջ փնտրում էր քեռուն:

Հետադարձի համար նորից տաքսի պատվիրեցի: Վարորդը հիսունն անց տղամարդ էր: Նստեցինք տաքսին, ասացի հայրական տան հասցեն: Լուռ էինք, միայն Դավն էր երբեմն հարցեր տալիս:

Հասանք: Մեկնեցի գումարը: Վարորդը թեքվեց դեպի ինձ ու ասաց. «Վճարել պետք չի, Ձեզ շնորհակալություն»: Այս անգամ չհամառեցի, ես էլ շնորհակալություն հայտնեցի ու իջանք մեքենայից: Մեկ օրվա ընթացքում երկու անծանոթ հայ թեկուզ փոքրիկ, բայց մարդկային մի կարևոր արարք արեցին՝ լուռ, առանց պաթոսի, ի սրտե:

Սիրում եմ ազգիս այս տեսակը, այն չի մեռել...

Վերածնվելու ենք նորից...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր