211652_close_icon
views-count1264 դիտում article-date 14:51 10-04-2021

Գեղարքունիքում ընթանում է համամարզային շաբաթօրյակ

Վաղ առավոտվանից, չնայած ցուրտ ու անձրեւոտ եղանակին,  Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին, անտառամերձ գոտիներում, գետաբերաններում «Սեւան Ազգային պարկի» տարածքներում իրականացվում են աղբահավաքման, աղբահեռացման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համամարզային շաբաթօրյակի  աշխատանքներին ներգրավված են բոլոր համայնքապետարանների եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային  ենթակայության  կրթամշակութային եւ առողջապահական  հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան Ազգային պարկի», մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում է  շուրջ 417 կազմակերպություն, 8400 մարդ, օգտագործվում է 154 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքը տեղերում համակարգում եւ վերահսկում են մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները։ Շաբաթօրյակի ընթացքը շրջայցի միջոցով դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Բնական է, որ մեկ օրվա ընթացքում կամ մեկանգամյա շաբաթօրյակով շրջակա միջավայրի մաքրության պահպանման խնդիրը չի լուծվելու, մանավանդ երբ տեւական ու ուժեղ քամիներով ընթացող ձմռան ամիսներին նկատվել է մեծ ծավալի աղտոտվածություն մարզի առանձին հատվածներում, որոնց հարեւանությամբ գտնվում են աղբավայրերը։ Դրա համար որոշել ենք շաբաթօրյակները դարձնել հաճախակի, միաժամանակ նաեւ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել բոլոր այն վայրերում ու գոտիներում, որտեղ առկա են   աղտոտվածության դրսեւորումներ։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք նաեւ աղբավայրերի ճիշտ ու արդյունավետ շահագործմանը, որպեսզի նվազագույնի հասցնենք աղտոտվածության ծավալները»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր