211652_close_icon
views-count1537 դիտում article-date 12:08 08-04-2021

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» մասնավորեցումից հետո կարող է փոխել իր գործունեության ուղղությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի փոփոխությանը, որով հնարավորություն է տրվում, որ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեության ուղղությունը փոխել եւ գործունեությունը ծավալել նաեւ այլ ուղղություններով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս մասնավորեցման ցանկում ընդգրկված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի ենթակառուցվածքները, մասնավորապես շենքային պայմանները, բժշկական և ախտորոշիչ սարքավորումները կարիք ունեն արդիականացման։ Միևնույն ժամանակ Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ։ Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր։

Ընկերության եկամուտների զգալի մասը կազմում է պետական պատվերով մատուցվող ծառայությունները, ինչը զգալի կախվածություն է առաջացնում բյուջեի փոփոխություններից և ֆինանսական անկայուն իրավիճակ է ստեղծում վերջինիս նվազման դեպքում։

Այլ նմանատիպ կազմակերպությունների համեմատ բժիշկների միջին աշխատավարձի ցուցանիշը բավականին բարձր է, իսկ Ընկերության պահպանման ծախսերը ոչ միշտ են օպտիմալ: Ընկերության շահութաբերության ցուցանիշը նույնպես ցածր է։

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):

Հաշվի առնելով ներկայացված պատճառաբանությունները` նպատակահարմար է օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որևէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ:

Նշվածից հետևում է, որ ընկերության մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:

Նմանատիպ նյութեր