211652_close_icon
views-count1045 դիտում article-date 10:47 03-04-2021

Երբ պայծառ գաղափարը դառնում է իր հակապատկերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Օքսֆորդի համալսարանի «ակտիվիստ» ուսանողներն ու պրոֆեսորները եկան այն եզրակացության, որ երաժշտության դասավանդումն այն տեսքով, որով դա արվում է այսօր, չափազանց հեռու է «պոլիտկոռեկտության» ներկայիս պահանջներից:

Ինչպես գրում է The Telegraph բրիտանական թերթը՝ այդ դասավանդումն, ըստ նրանց, ամբողջությամբ հիմնված է «գաղութատիրական ժամանակաշրջանի սպիտակ եվրոպական» երաժշտության վրա եւ վիրավորում է սպիտակ մաշկ չունեցող ուսանողների զգացմունքները:

Երաժշտության ուսուցումը «ապագաղութացնելու» շարժման մասնակիցները գտնում են, որ դաշնամուրի դասերը, ինչպես նաեւ եվրոպական նոտագրություն դասավանդելը տառապանք է պատճառում «գունավոր» ուսանողներին:

Այդ անհեթեթ տեսությունն ինձ ստիպեց հիշել հայտնի ասույթը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ», ինչպես նաեւ մի պատմական ճշմարտություն. ցանկացած վեհ եւ պայծառ գաղափարի մակերեսային, դոգմատիկ կիրառումը կարող է հիմնովին վարկաբեկել այդ գաղափարը՝ խեղաթյուրելով, շուռ տալով դրա իմաստը 180 աստիճանով, դարձնելով դրա ճիշտ հակապատկերը:

Դրա օրինակը տալիս է մեր նորագույն պատմությունը: Մարդկանց հավասարությունը եւ սոցիալական արդարությունը, անշուշտ, հրաշալի գաղափարներ են: Բայց այն, ինչ տեսել են մեր ծնողներն ու պապերը այդ գաղափարներն իբր իրականացնող երկրում, վայրագ բռնաճնշումներն էին, իսկ այն, ինչ ես եմ տեսել, կոռումպացված բյուրոկրատիայի խրախճանք էր՝ բյուրոկրատիա, որը, Ջորջ Օրուելի բնորոշմամբ, շատ ավելի «հավասար էր», քան, մենք՝ «հավասարներս»:

Ճիշտ նույն ձեւով կարծիքների, համոզմունքների, ապրելակերպի, հավատքի բազմազանությունն, անշուշտ, ողջունելի է: Բայց, երբ այն ձեռք է բերում ձեւական պարտադրանքի բնույթ, դառնում է «կոմունիզմ կառուցողի վարքականոնի» նման մի բան: Համակարգը սկսում է քեզ հետեւել՝ հանկարծ սա՛ չասես, սա՛ չանես, թե չէ մենք քեզ կհամարենք կա՛մ նացիստ, կա՛մ ռասիստ, կա՛մ հոմոֆոբ, կամ էլ՝ բոլորը միասին, եւ այդ դեպքում համակարգի «ադեպտները» սկսում են քեզ բարոյապես ճնշել համարյա նույն խստությամբ, որով դա անում էին կաթոլիկ հավատաքննիչները, ստալինյան «չեկիստները» կամ Գեստապոն:

«Ֆունդամենտալիստ» ազատականները միանգամայն տոտալիտար եղանակով ռեգլամենտի են ենթարկում նույնիսկ անձնական կյանքը՝ հանկարծ չհարցնեք մարդու հավատի կամ սեռական կողմնորոշման մասին, հանկարծ չակնարկեք, որ նա գիրացել է կամ նիհարել, հանկարծ տրանսպորտում տեղ չզիջեք կնոջը, որպեսզի նա չմտածի, թե դուք կարծում եք, որ նա ձեզ հավասար չէ: Արվեստում էլ՝ եթե կինոյում կա հանցագործ սեւամորթ կամ մահմեդական, ապա անպայման պետք է լինի մուգ մաշկով կամ իսլամ դավանող ազնիվ ոստիկան: Պլյուրալիզմի նման քարոզը, համաձայնեք, բավականին նման է Կենտկոմի գաղափարախոսական բաժնի «ցուցումներին»:

Բայց երբ մարդիկ ապրում են դոգմաների աշխարհում, նրանց տարհամոզելն անիմաստ է: Մի՞թե ես կկարողանամ բացատրել օքսֆորդյան պրոֆեսորներին, որ Բեթհովենի եւ Մոցարտի երաժշտությունը «սպիտակ գաղութատիրության» հետ կապ չունի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր