211652_close_icon
views-count3903 դիտում article-date 16:43 17-03-2021

Հաշմանդամության 3 խմբերի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել մատչելի պայմաններ, հավասար հնարավորություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նոր օրենքը սահմանելու է այդ անձանց իրավունքների ապահովման, խթանման, պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորելու է իրավունքների պահպանման սկզբունքները: Օրենքի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմաններ ստեղծելն է, խտրական դրսևորումների վերացումը»,-ասաց նախարարը:

Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող անձի սահմանումը պայմանավորված է անձի առողջական կարգավիճակից ելնելով: Նոր օրենքների նախագծերը ընձեռնում են կարգավորում, որ հնարավորություն է տալիս ֆիքսել անձի սահմանափակումները և կարիքների գնահատման հիման վրա իրականացնել աջակցություն: Պետությունն օրենքով մասնավոր ոլորտի, նաև պետական կառույցների համար մատչելիության ապահովման պահանջ է դնում, մասնավորապես շինարարական և կառուցապատման մասով: Հնարավորություն է տրվելու նաև թիրախային գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, դրա հիման վրա պետության կողմից աջակցություն իրականացնել:

Գործող կարգավորումներով կա հաշմանդամության երեք խումբ՝ առաջին, երկրորդ, երրորդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ: «Սրա փոխարեն մենք ունենալու ենք ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր և խորը: Այսինքն` անհատական գնահատման հիման վրա սահմանվելու են այս 4 կարգավիճակները, որոնք փոխարինելու են հաշմանդամության գործող խմբերին: Անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա անհատական ծրագրի միջոցով իրականացվելու է աջակցություն, որը հնարավորություն է տալու անձին հենց այդ սահմանափակումների առավելագույն վերացմանը, կյանքի ինտեգրմանը»,-ասաց Առաքելյանը:

Հանձնաժողովում երկար քննարկումից հետո նախագծերի փաթեթը քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Նմանատիպ նյութեր