211652_close_icon
views-count2074 դիտում article-date 10:59 17-03-2021

Քաղաքացին օգնության ակնկալիքով դիմում է լրատվամիջոցներին. «ԴԱՀԿ-ն պատրաստվում է մեզ պատկանող ավտոտնակը խլել»

Հարգելի՛ զանգվածային լրատվության միջոցներ, սիրելի խմբագիրներ և լրագրողներ,

Մենք՝ Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ Լևոն Ղուկասյանը և Անժելա Աբրահամյանը, հայցում ենք ձեր նորղամտությունը՝ երկրի համար ներկայիս դժվարին, բազում հրատապ և համապետական, նույնիսկ համազգային նշանակության խնդիրների առկայության պայմաններում ձեր ուշադրությունը մի պահ շեղելու և մեր՝ ՀՀ շարքային քաղաքացիներիս սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարման դեպքին հրավիրելու, այդ կապակցությամբ ձեր օգնությանն ապավինելու համար:

Խնդրի էությունը, ընդհանուր գծերով, հետևյալն է: 

Օրեր առաջ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները լրիվ անակնկալ կերպով մեզ իրազեկել են, որ Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում գտնվող, մեր ընտանիքին պատկանող ավտոտնակը պետք է ազատի՝ մեր հարևանի սնանկության գործով աճուրդի միջոցով այդ գույքը օտարված լինելու և նոր սեփականատիրոջ կողմից ներկայացված՝ վտարում իրականացնելու դիմումի համաձայն:

Մեր բոլոր պարզաբանումներն առ այն, որ իրենց կողմից մատնանշված ավտոտնակը մեր հարևաններինը չէ, այլ  դեռևս 1994-1995թթ. կառուցվել է մեր կողմից, առ այսօր անդադար տիրապետվում ու օգտագործվում է մեր կողմից, իսկ հարևանին պատկանել է մեր ավտոտնակին կից ավտոտնակը, ԴԱՀԿ-ն որևէ կերպ հաշվի չի առնում և արդեն տեղեկացրել է, որ վտարման գործողությունն իրականացվելու է սույն թվականի մարտի 18-ին, ժամը 11-ին: 

Մեր կողմից ինչպես ԴԱՀԿ կատարողական վարույթի նյութերը, այնպես էլ երկու ավտոտնակների վերաբերյալ կադաստրային գործերը ստացվելուց հետո պարզվել է, որ 2008թ. բացարձակապես առանց որևէ իրավական հիմքի, մեզ պատկանող ավտոտնակը՝ 0047 համարի ներքո գրանցվել է որպես մեր նշված հարևանի սեփականություն, ինչի մասին տեղյակ չեն եղել անգամ վերջիններս: Մինչդեռ Լևոն Ղուկասյանի հայրը՝ Կարո Ղուկասյանը, հանդիսանում է 0047 համարի տակ գրանցված ավտոտնակի իրական կառուցապատողն ու օգտագործողը, այդ գույքի համար այդ ողջ ընթացքում նոր Նորքի վարչական շրջանում վարձավճար է վճարվել, այդ մասին վկայող փաստաթղթերն առկա են:

Ֆորմալ սեփականատեր հանդիսացած մեր հարևանները ևս ընդունում են այդ փաստը, իրենք ևս պնդում են, որ այդ գույքն իրենց չի պատկանել և չի պատկանում, իրենք դրա հետ որևէ առնչություն չեն ուն եցել և չունեն, համայնքապետարանում նրանք վարձավճար են վճարել ոչ թե այդ, այլ կողքի ավտոտնակի համար և սեփականացման գործըթնաց սկսել են ոչ թե այդ, այլ փաստացի րենց կողմից կառուցված և իրենց պատկանող, ներկայումս 0336 համարի տակ կադաստրի պետական կոմիտեում գրանցված ավտոտնակի կապակցությամբ: Մինչդեռ այդ ամենը ևս ԴԱՀԿ-ի համար որևէ նշանակություն չունի և այն շարժվում է բացառապես նոր սեփականատիրոջ շահերը սպասարկելու տրամաբանությամբ:

Ի դեպ, ըստ «օդում կախված լուրերի», այդ անձը հանդիսանում է ԴԱՀԿ-ի պաշտոնատար անձանց մերձավորը, որի միջոցով սնանկության միջոցով նմանատիպ աճուրդներով տարբեր գույքեր ենթադրաբար հայտնվում են այլոց տիրապետության տակ: նոր ձեռքբերողը մեր շենքից և հարակից շենքերից չէ: 

Ընդ որում, անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ հարկադիր աճուրդին վերաբերող բոլոր փաստաթղթերում վաճառքի հանված ավտոտնակի մակերեսը, չափերը, տվյալները չեն համապատասխանում այն ավտոտնակի տվյալներին, որը մեզնից փաստացի խլվում է:

Ավելին. վարույթում առկա՝ աճուրդում ներկայացված գույքի լուսանկարները ոչ թե 0047 համարակալված ավտոտնակինն են, այլ կողքինինը, իրենց կողմից այսպես կոչված աճուրդով օտարված ավտոտնակը չունի նկուղ, մինչդեռ մեր ավտոտնակն ի սկզբանե ուենցել է երկու՝ ստորգետնյա և վերգետնյա մասեր:

Բնականաբար նման տվյալներ վարույթի նյութերում չկան և չէին կարող լինել, որովհետև ո՛չ աճուրդից առաջ և ո՛չ էլ հետո որևէ անգամ այդ ավտոտնակը փորձաքննության և գնահատման չի ենթարկվել, որևէ փորձագետ, ԴԱՀԿ որևէ աշխատակից երբևէ այդ ավտոտնակի ներսը չի տեսել:

Այդ գործողություններն արվել են հարակից վերոնշյալ ավտոտնակի հետ, որի մասին մենք ևս բացարձակապես տեղյակ չենք եղել: Այսինքն օտարվել է մի գույք, իսկ վտարում իրականացնում են բացարձակապես այլ գույքի, մեր ավտոտնակի կապակցությամբ:

Այս փաստարկները ևս ԴԱՀԿ-ի համար որևէ նշանակություն չունեն և եթե տեղի ունենա փաստացի վտարումը, ապա, ըստ էության, ԴԱՀԿ ծառայողների կողմից կատարվելու են ապօրինի, հանցավոր գործողություններ իրենց պաշտոնեական լիազորությունների անցմամբ: 

Նկատի ունենալով, թե ինչպիսի համառությամբ ու հետևողականությամբ է ԴԱՀԿ-ն ցանկանում հասնել մեր ավտոտնակը մեզնից խլելուն և այլ անձին փոխանցելուն, ինչպես նաև խնդրի հանրայնացումը համարելով մեր սեփականության իրավունքի նման աղաղակող, կոպիտ խախտումները, կամայականությունները ավարտին հասցնելը կանխելու միջոց՝ դիմում ենք ձեզ: Խնդրում ենք՝ սույն թվականի մարտի 18-ին ժամը 11-ին ապահովել լրագրողների ներկայությունը ԴԱՀԿ պլանավորած գործողությունների ժամանակ՝ դրանք լուսաբանելու նպատակով: Տեղում պատրաստ ենք ձեզ ներկայացնել վերոնշյալը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր, պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին: 

Հայցում ենք ձեր օգնությունը՝ իբրև սովորական, շարքային քաղաքացիներ, Երևան քաղաքի սովորական բնակիչներ, որոնք չունեն ազդեցիկ հովանավորներ՝ նույնպիսի ապօրինություններով արդարությանը հասնելու համար: 

Կանխավ շնորհակալ ենք, հասցեն՝ Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված,

Դավիթ Մալյան 2-րդ շենք: 
Ամենայն հարգանքով և մեծ սպասելիքներով՝ 

Լևոն Ղուկասյան 
Անժելա Աբրահամյան    
         
     

Նմանատիպ նյութեր