211652_close_icon
views-count1698 դիտում article-date 14:29 16-03-2021

Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց, հայտնում է News.am-ը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանից հաղորդագրություն է ստացվել, որ Օհանյանը դեռ հոսպիտալում է եւ չի կարողանա մասնակցել նիստին: Փաստաբանը նաեւ հայտնել էր սեփական առողջական խնդիրների մասին եւ խնդրել իր բացակայությունն անհարգելի չհամարել:

Դատավորը փաստաբան Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեց, թե որն է Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառը: Փաստաբանը հայտնեց, որ իմանալով Օհանյանի առողջական խնդիրների եւ առաջիկա նիստին նրա բացակայության մասին, ինչպես նաեւ կասկածելով, որ իր մոտ կորոնավիրուս է, ինքն է խորհուրդ տվել Քոչարյանին չգալ նիստին:

Հիշեցնենք, որ ներգրավված մեկ անձի կամ նրա փաստաբանի բացակայությունն ինքնաբերաբար նշանակում է նիստի հետաձգում:

Վարդեւանյանը հայտնեց, որ այսօր ստացել է թեստի պատասխանը, որը բացասական է, եւ եթե դատարանը ցանկանում է անպայման տեսնել Քոչարյանին, ապա 10-15 րոպե ընդմիջում է խնդրում` իր պաշտպանյալի ներկայությունն ապահովելու համար: Դատարանն անհրաժեշտ չգտավ:

Տեղի ունեցողի վերաբերյալ իր վրդովմունքն արտահայտեց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա արձանագրեց, որ արդեն 4 նիստ հետաձգվում է տարբեր անձանց առողջական վիճակի պատճառով: Դատախազը տեղեկացրեց հատուկ պահանջներ ներկայացնելու մտադրության մասին, որպեսզի տարբեր անձանց վերաբերող մասերը բաժանվեն առանձին վարույթների: «Բերվում են տարբեր պատճառներ, որպեսզի գործը առաջ չընթանա»,- ասաց դատախազը:

Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ մարտի 23-ին Սահմանադրական դատարանը քննարկելու է 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ Քոչարյանի հայցը: Դատարանը համարեց, որ նիստին խոչընդոտներ չկան եւ հաջորդ նիստը նշանակեց մարտի 23-ին ժամը 13-ին:

Նմանատիպ նյութեր