211652_close_icon

Կարեն Ճշմարիտյան. Դեռ քննարկու՞մ են, ընտրությու՞ն… այս մղձավանջու՞մ

views-count3393 դիտում article-date 21:38 14-03-2021
«Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է, անհեթեթություն, իսկ գործնականում` անարդյունավետ և ապակայունացնող գործոն», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Դեռ քննարկու՞մ են
Ընտրությու՞ն…
Այս մղձավանջու՞մ…
Այս վարչակարգի օրո՞ք…
Առանց իրավիճակի կայունացմա՞ն…
Առանց հարյուր հազարավոր ընտրողների մասնակցությա՞ն…
Առանց զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների մասնակցությա՞ն…
Դուք նորմա՞լ եք…

Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է, անհեթեթություն, իսկ գործնականում` անարդյունավետ և ապակայունացնող գործոն:

Մի կողմ թողնենք այս շինծու օրակարգի հեղինակների և ջատագովների բարոյական ու քաղաքական կերպն ու շարժառիթները:

Մի քանի պարզունակ այլ հարցադրումներ ու հանգամանքներ կան, որոնք անհնար է անտեսել:

Նախ` եթե պատկերավոր ներկայացնենք, ապա իրավիճակը հետևյալն է:

Դարավոր ու պատմական թշնամին մտել է քո քաղաք (նշում եմ քաղաք, որովհետև ցավոք` շատերի մոտ երկրի ընկալումը լիարժեք չէ): Ստացվել է այնպես, որ քո քաղաքի քաղաքապետ էր կարգվել քո դարավոր ու պատմական թշնամու վաղեմի գաղափարակից հպատակը: Հիմա թշնամին բռնազավթել է քաղաքի մի զգալի մասը, ամեն ինչ խառնել է իրար, սպանել է քո երեխաներին, մյուսներին` դարձրել հաշմանդամ, անհետ կորցրել, գերեվարել, ընտանիքիդ պատանդ վերցրել, իսկ դու այդ հոգեվիճակով և այդ պայմաններում պետք է ինչ-որ նախընտրական ծրագրեր քննարկե՞ս` ծրագրերի լավ ու վատ անե՞ս:

Դուք նորմա՞լ եք, տիկնայք և պարոնայք…

Սա նորմա՞լ է…

Ասացեք խնդրեմ` այդ ինչպե՞ս են այսօր, կամ թեկուզ երկու ամիս անց նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու հազարավոր զոհվածների, տասնյակ հազարավոր վիրավորների, առավել ևս` անհետ կորածների, կամ գերեվարվածների հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ընկերները:

Այդ ինչպե՞ս, կամ ի՞նչ ակնկալիքով են նախընտրական ծրագրեր ուսումնասիրելու և քննարկելու մի քանի տասնյակ հազար անտուն և անգործ մնացածներն ու նրանց հարազատները:

Եվ վերջապես, այդ ի՞նչպես են նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու դաժանորեն խաբված, ամեն ինչից հիասթափված, հուսալքված և արտագաղթի ճամփան բռնած հարյուր հազարավոր ընտրողները:

Վերը նշված մարդիկ ինչպե՞ս են մասնակցելու, կամ մասնակցելու ե՞ն, կասե՞ք… Կասե՞ք, թե այդ ընտրությունների արդյունքներին ո՞վ է հավատալու:

Իսկ մի գուցե այս օրակարգի հեղինակներն ու ջատագովները ձգտում են, որպեսզի նրանք չմասնակցե՞ն: Կամ մի գուցե կրկին հույսեր են փայփայում, որ կգործադրվի 2018 թվականի զանգվածային հոգեխանգարմունքի պահին կատարված «ընտրության» սցենա՞րը: Այն է` ծայրահեղ էյֆորիա (որին այժմ փոխարինել է համազգային ողբն ու հիասթափությունը), անծրագիր, սուտ խոստումներով հագեցած դատարկաբանություն, զրպարտություն ու բամբասանք` համեմված հիստերիկ բղավոցներով,

և…

Ահավասիկ` իբր լեգիտիմ ընտրությու՞ն…

Հեղինակների և նրանց կից անհատների շարժառիթները պարզ են, իսկ սատարողներն ու ջատագովները` պատկերացնու՞մ են, թե ինչ են առաջարկում… Թե՞ կրկին պատգամավոր կարգվելու մարմաջն ու վերջին հույսը շատ ավելին են իրենց համար, քան հայրենիքի և պետության անվերադարձ կորուստը:

Եթե մի պահ նույնիսկ անվտանգության ու սոցիալական տարրերը մի կողմ թողնենք, ապա համոզված կարելի է պնդել, որ սա երկիրն ու պետությունը վերջնական գժանոցի վերածելու սցենար է` ուրիշ ոչինչ:

Ադրենալինի պակաս ունե՞ք, ժողովուրդ…

Առանց գործող վարչակարգի լիարժեք հեռացման, առանց առնվազն վեց ամսվա ընթացքում իրավիճակը շտկելու և կայունացնելու` ընտրության կազմակերպումը ոչ մի կերպ չի կարող լիցքաթափել և լուծել խնդիրը, դա` սին պատրանք է:

ՀԳ. Լավ, հասկացանք, պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնության մնացած 80 հոգու մեջ ազգությամբ Հայ չկա, իսկ մի 40 հոգի բանական մարդ էլ չկա՞…

80-ից` ընդամենը 40 հոգի բանական մարդիկ, ուրիշ ոչինչ` որպեսզի անհապաղ վերջ դրվի այս համազգային մղձավանջին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր